Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:00-ին, նախատեսված է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի ելույթը՝ նվիրված Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանն ու արդարության վերականգնմանը։
Միջոցառումը կրում է «Արդարություն Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների համար» (Justice pour les Arméniens réfugiés du Haut-Karabakh) խորագիրը։ Եվրոպացի պատգամավորը մտադիր է ՄԱԿ-ի բարձր ամբիոնից կրկին բարձրաձայնել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման, ինչպես նաև տեղահանված արցախահայության վերադարձի և միջազգային իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։
Մարինա Մեզյուրը հետևողականորեն քննադատում է միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական միության պաշտոնական ներկայացուցիչների կրավորական դիրքորոշումը Բաքվի գործողությունների նկատմամբ և պահանջում հստակ քայլեր՝ ադրբեջանական ապատեղեկատվությունն ու պատմական փաստերի կեղծումը կանխելու համար։