Միացյալ Նահանգները վախենում է, որ իրանական ժողովրդի ձայնը կլսվի. այս մասին երեքշաբթի օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Նրանք սպանում են երեխաների, և ամբողջ աշխարհն է դրա ականատեսը եղել։ Աշխարհը տեսնում է, որ նրանք Գազայի կանանց ու երեխաներին զրկել են ջրից և սննդից. սա խայտառակություն է, սակայն աշխարհը տեսել է այդ վայրագությունները»,- նշել է երկրի ղեկավարը։
«Նրանք վախենում են, որ իրենց գործած հանցագործությունները կտեսնեն ու կլսեն. նրանք արգելափակեցին իրանական լրատվամիջոցների պատվիրակության մասնակցությունը, թեև ներկա են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ։ Եթե մենք արդյունավետորեն ներկայացնենք մեր ուղերձը, կարող ենք ապահովել, որ իրանական ժողովրդի ձայնը լսելի դառնա»,- ընդգծել է նա։
Փեզեշկիանը դատապարտել է այն փաստը, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը «ամենուր խոչընդոտում են՝ փորձելով ստիպել իրանական ժողովրդին հպատակվել»։ «Չկարողանալով հասնել իրենց նպատակներին ռազմական ճանապարհով՝ նրանք փորձում են այլ մարտավարություններ՝ փակել ցամաքային և օդային ուղիները, հրահրել ներքին տարաձայնություններ, շահարկել լրատվամիջոցների և էթնիկ խնդիրները, ինչպես նաև օգտագործել մեր խոցելի կողմերը՝ մեզ թուլացնելու և ներսից հանձնվել հարկադրելու համար»,- թվարկել է նա՝ խոստանալով, որ Թեհրանը «կփշրի թշնամիների հույսերը»։