Աբրահամյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին․ ՔՊ-ին մեծ փորձություն է սպասվում (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, խորհրդարանական ճեպազրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, համոզմունք է հայտնել, որ այդ համատեքստում ՔՊ-ին մեծ փորձություն է սպասվում։

Նա նշել է, որ կուսակցությունը նիստ է անցկացնելու և որոշելու է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին այն համայնքներում որտեղ «Ուժեղ Հայաստանը» թեկնածու չի առաջադրել, հայտնում է Panorama.am-ը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն արձագանքել է ՔՊ ներկայացուցիչների այն դիտարկմանը, թե կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, քանի որ չի կարող ընտրակաշառք բաժանել։

«Այդ միֆը, որ իշխանություններն ամբողջ քարոզարշավի ընթացքում տարածում էին, դատելով դրա կարկատած ձայնագրություններից և այն ամբողջ ընթացքից, ընտրական և հետընտրական շրջանում, փլուզվել է»,-Աժ ճեպազրույցների ժամանակ ասել է

Նա նշել է, որ այդ մեղադրանքը փլուզվել է նաև ՍԴ-ում, որը բնորոշել է որպես իշխանությունների սրտի դատարան։ Ղահրամանյանը հանրության ուշադրությունը հրավիրել է այն դեպքերի վրա, երբ, ըստ նրա, ՔՊ ներկայացուցիչներն ու իշխանությանը մոտ կանգնած անձինք ընտրողների նկատմամբ տարբեր «խրախուսանքի» միջոցներ են կիրառել։

Ղահրամանյանը հայտնել է, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» ներկայացրել է իր թեկնածուին, և այնտեղ թեժ ընտրապայքար է ակնկալվում։

«Մեր դիրքորոշումը շատ ակնհայտ է, մենք գնում ենք այնտեղ հաղթելու համար»,-հայտարարել է Ղահրամանյանը՝ հավելելով, որ մյուս համայնքներում թեկնածուներ են առաջադրել ընդդիմադիր այլ ուժեր։

2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։ Ընտրությունները տարբեր համայնքներում անցկացվելու են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։

Leave a comment