Էր-Ռիադը դուրս է եկել դոլարի չինական այլընտրանքի նախագծից

Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը հաստատել է, որ թագավորությունը 2025 թվականի մայիսի 13-ին ավարտել է իր մասնակցությունը Չինաստանի աջակցությունը վայելող թվային արժույթների միջազգային mBridge հարթակին։ Այդ ժամանակ նախագիծի փորձարկումներն արդեն ավարտվել էին։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով SAMA-ի հայտարարությունն ու իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

2023 թվականին SAMA-ն միացել էր mBridge-ին՝ դիտորդի կարգավիճակով։ Մեկ տարի անց՝ 2024 թվականի հունիսին, կարգավորիչը ստացել էր լիիրավ անդամի կարգավիճակ և միացել հարթակի նվազագույն կենսունակ տարբերակի մշակմանը։ SAMA-ն այն ժամանակ իր որոշումը բացատրում էր այն հանգամանքով, որ հետաքրքրված էր, թե ինչպես կարող են կենտրոնական բանկերի թվային արժույթներն օգտագործվել անդրսահմանային հաշվարկների համար։

«Ինչպես նախատեսված էր, SAMA-ն 2025 թվականի մայիսի 13-ին հաջողությամբ ավարտեց mBridge-ի հայեցակարգի հաստատման փուլը։ Դրանից հետո SAMA-ն այլևս mBridge-ի մասնակից չէ», – FT-ն մեջբերում է Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկի հայտարարությունից։

Թերթի զրուցակիցներից մեկը նախազգուշացրել է Էր-Ռիադի՝ նախագծից դուրս գալը Վաշինգտոնի ճնշման հետևանք համարելուց։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի մասնակցությունն ի սկզբանե սահմանափակ է եղել։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ SAMA-ն այլևս չէր ցանկանում հրապարակայնորեն ներկայանալ որպես նախագծի մասնակից, սակայն շարունակել է աշխատել դրա հետ ավելի քիչ տեսանելի ձևաչափով։

mBridge-ի հիմքում ընկած է բաշխված ռեեստրի տեխնոլոգիան։ Հարթակը առևտրային բանկերին հնարավորություն է տալիս կենտրոնական բանկերի միջոցով թվային արժույթներով իրականացնել ուղիղ անդրսահմանային վճարումներ։ Ինչպես նշում է Միջազգային հաշվարկների բանկը, նախագիծը ստեղծվել էր փոխանցումների արժեքն ու իրականացման ժամանակը նվազեցնելու, ինչպես նաև գործընկեր բանկերի շղթաներից կախվածությունը կրճատելու նպատակով։ Հիմնական մասնակիցներն էին դարձել Չինաստանի, Թաիլանդի և ԱՄԷ-ի կենտրոնական բանկերը, ինչպես նաև Հոնկոնգի իշխանությունները։

FT-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում մտահոգված էին, որ նման հարթակները կարող են թուլացնել դոլարի դիրքերը և դառնալ ավանդական վճարային ուղիները և ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու գործիք։ Քորնելի համալսարանի պրոֆեսոր Էսվար Պրասադը նշել է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները նման համակարգերի տնտեսական առավելությունները տեսնում են, սակայն միաժամանակ հաշվի են առնում Վաշինգտոնի հնարավոր արձագանքը յուանի դիրքերի ամրապնդմանը։

Միջազգային հաշվարկների բանկը նախագծից դուրս է եկել 2024 թվականի հոկտեմբերին։ Ավելի վաղ FT-ն գրել էր կազմակերպության նկատմամբ ԱՄՆ-ի ճնշման մասին։ Սակայն բանկի այն ժամանակվա ղեկավար Ագուստին Կարստենսը դուրս գալը կապում էր նախագծի իր հատվածի աշխատանքների ավարտի, ոչ թե քաղաքականության հետ։ Նա նաև պնդում էր, որ mBridge-ը չի ստեղծվել հատուկ BRICS-ի կամ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում սպառնացել էր BRICS-ի երկրներին 100% մաքսատուրքերով, եթե նրանք փորձեն ստեղծել դոլարին փոխարինող արժույթ կամ վճարային մեխանիզմ։ Սաուդյան Արաբիան միավորմանը միանալու հրավեր ստացել է, սակայն դրա կազմում իր կարգավիճակի հարցը վերջնականապես չի որոշել։

Leave a comment