Սեպտեմբերի 24-ին Երևանում և Արարատյան դաշտում մինչև +34 աստիճան տաքություն է սպասվում

Սեպտեմբերի 23-24-ին Հայաստան ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կհասնի առավելագույնին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կհասնի +33…+34 աստիճանի։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է մոտենալ պատմական առավելագույններին կամ գերազանցել դրանք։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» յաղորդագրությունը՝ ստորև․

Սեպտեմբերի ողջ 2-րդ տասնօրյակի ընթացքում Հայաստանը գտնվել է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։

Հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքերի ազդեցությունը կպահպանվի նաև սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում և իր առավելագույնին կհասնի 23-24-ը ընկած ժամանակահատվածում։

Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է։

Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններին կամ կգերազանցի այն։ Սեպտեմբերի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ նորմայից բարձր։

Սեպտեմբերի 23-27-ին Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառությամբ Շիրակի, Լոռի և Տավուշի, որտեղ 22-ին, 25-27-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Leave a comment