Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» պահպանությունը

Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը:

«Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։

  • Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։

  • Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։

  • Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։

  • Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։

  • Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ  բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը երեկ հայտնել էր, որ ավերում են Երևանի Աղի լճի շրջակայքը՝ ավերելով էկո համակարգը:

Leave a comment