«Այս եղեգներին ձեռք չտան»․ բողոք՝ Աղի լճի բարեկարգման ծրագրի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Աղի լճի տարածքում բարեկարգման աշխատանքները դժգոհություն են առաջացրել լճի այցելուների շրջանում։ Factor TV-ի հետ զրույցում նրանք պնդում են՝ նախատեսվող աշխատանքների հետևանքով կարող են ոչնչացվել եղեգնուտները, որոնք կարևոր նշանակություն ունեն լճի էկոհամակարգի պահպանման համար։ 

Այցելուներից մեկի խոսքով՝ բարեկարգման ծրագրի մասին իրենք տեղեկացել են պատահաբար՝ այս տարվա սեպտեմբերին։ Ծրագրին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված նամակ են հղել, որը երկու օրում ստորագրել է ավելի քան 220 մարդ։

«Խնդրանքի գլխավոր կետերից մեկն այն էր, որ այս եղեգներին ձեռք չտան, որովհետև նախատեսված է, որ ամբողջ եղեգները ավիրելու են, պոկելու են ու փոխարենը լցնեն սպիտակ ավազ, սարքեն լողափ, որը, իհարկե, անհեթեթ ծրագիր է, որովհետև այս եղեգները կազմում են Աղի լճի հիմնական ֆիլտրը, էկոհամակարգի հիմքն են կազմում»,- ասում է այցելու Մայա Աֆրիկյանը։

Նրա խոսքով՝ եղեգնուտները ոչ միայն կարևոր են լճի էկոհամակարգի համար, այլև ջուրը պահելու և վերևից թափվող քարերից տարածքը պաշտպանելու դեր ունեն։ Այցելուները դեմ չեն բարեկարգմանը, սակայն կարծում են՝ այն պետք է սահմանափակվի թեթև, կոսմետիկ աշխատանքներով և չվնասի լճի բնական միջավայրը։

Այցելուների հիմնական դժգոհություններից են տարածքում կուտակված աղբը և զուգարանների բացակայությունը։ Այցելուի խոսքով՝ կարելի է լուծել այդ խնդիրները, տեղադրել փոքրիկ հովանոցներ, սակայն եղեգնուտները ոչնչացնելը բարեկարգման ընդունելի տարբերակ չեն համարում։

Լճի այցելուներից Արթուր Խանջյանը պատմում է՝ դեռ 2020 թվականի հուլիսից, երբ սկսել են Աղի լճի ափերի քարապատման աշխատանքները, ինքն ու մյուս այցելուները սեփական միջոցներով բարեկարգել են տարածքը։ 

Նրա խոսքով՝ 2021 թվականին դիմել են Շրջակա միջավայրի նախարարություն՝ առաջարկելով տարածքն ընդգրկել բնության հուշարձանների ցանկում՝ որպես ջրային հուշարձան։ Խանջյանն ասում է, որ նախարարությունից դրական պատասխան է ստացել, սակայն տարածքի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ։

«Մենք որևէ նախագծի իրազեկ չենք եղել։ Ինձ բերել, ցույց են տվել ինչ-որ նախագիծ։ Այսինքն՝ ժողովրդի հետ որևէ հարց չի քննարկվել»,- վրդովված նշում է Արթուր Խանջյանը։

Մեկ այլ այցելուի պնդմամբ՝ եղեգնուտների քանդման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նա վարչապետին կոչ է անում ուշադրություն դարձնել նաև տարածքի մյուս խնդիրներին՝ աղբակույտերին և վերևում կուտակված հողին։ Նրա խոսքով՝ եթե մտահոգություն կա, որ հողը կամ քարերը կարող են փլուզվել և վտանգել մարդկանց, կարելի է իրականացնել ամրացման աշխատանքներ՝ առանց եղեգնուտները ոչնչացնելու։

Այցելուն նաև նշում է, որ լճում պարբերաբար վայրի բադեր են բնակվում, իսկ եղեգնուտները նրանց բնական միջավայրի մասն են։

Տարածքում բարեկարգման աշխատանքների դեմ բողոքող այցելուներից Մայան, ըստ մեր զրուցակցի, այսօր փորձել է թույլ չտալ եղեգնուտների քանդման շարունակությունը՝ կանգնելով աշխատանքներ իրականացնող տեխնիկայի դիմաց։ 

Այցելուները պահանջում են՝ բարեկարգման աշխատանքներն իրականացնել առանց լճի բնական էկոհամակարգին վնաս հասցնելու, պահպանել եղեգնուտները և բնակիչներին ու այցելուներին ներգրավել տարածքի հետագա զարգացման վերաբերյալ քննարկումներում։

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվեց, որ Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի և նոր տեսք կունենա։ Տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ձեռքբերման մրցույթներն արդեն կայացել են,  այժմ պայմանագրերի կնքման փուլում են։

«Նախատեսվում է իրականացնել ավտոկայանատեղիի, արտաքին լուսավորության համակարգի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի, ցնցուղների և սանհանգույցների, մարզասարքերով հագեցված սպորտային հրապարակի կառուցում: Այս շաբաթվա վերջ պլանավորում ենք արդեն սկսել աշխատանքները»,- գործակարգավարական նիստում հայտնել էր քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Factor.am-ը ուսումնասիրեց գնումների պետական համակարգը, բայց այդ ծածկագրով որևէ պայմանագիր համակարգում առկա չէ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment