ԱՄՆ-ը և Չինաստանը մտադիր են ԱԲ-ի հետ առնչվող միջադեպերի դեպքում գործարկել թեժ գիծ

Բաժանորդագրվել

Հայտարարությունը հնչել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ պետական այցի նախօրեին, որը նախատեսված է սեպտեմբերի 23-25-ը:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Չինաստանը ծրագրում են արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված միջադեպերի դեպքում օպերատիվ փոխգործակցության թեժ գիծ ստեղծել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Խե Լիֆենի հետ բանակցությունների արդյունքներով։

«Մենք ցանկանում ենք բացել թեժ գիծ, որպեսզի մշտական կապ պահպանենք, հատկապես որևէ միջադեպի դեպքում»,-ասել է Բեսենթը CNBC-ի եթերում:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Պեկինը նաև պայմանավորվել են ԱԲ-ի հետ կապված հարցերի կանոնավոր քննարկման նպատակով մեխանիզմ ստեղծել: Կողմերը մտադիր են երկխոսություն վարել ԱԲ-ի հնարավոր ռիսկերի և սպառնալիքների առաջացման դեպքում գործողությունների կարգի մասին:

Հայտարարությունը հնչել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ պետական այցի նախօրեին, որը նախատեսված է սեպտեմբերի 23-25-ը:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը այսօր հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ երկխոսության և փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև առկա տարաձայնությունների պատշաճ կարգավորման նպատակով:

Leave a comment