Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին մասնակցությունը կազմել է 59,32 տոկոս։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, գրում է Meduza-ն։
«Մի քանի ռեկորդների մասին ես արդեն խոսել եմ, և հիմա ցանկանում եմ նշել ևս մեկը՝ կապված ընտրողների մասնակցության հետ։ Ռեկորդը վերաբերում է հենց այս մակարդակի ընտրություններում արձանագրված մասնակցության ամենաբարձր ցուցանիշին։ Դուք տեսնում եք, թե նախորդ տարիներին ինչպիսին է եղել մասնակցությունը Պետդումայի պատգամավորների ընտրություններում, իսկ այժմ այն արդեն գերազանցել է 59 տոկոսը»,- ասել է նա։
Արձանագրությունների 95,18 տոկոսի հաշվարկից հետո «Եդինայա Ռոսիա»-ն կուսակցական ցուցակներով ստանում է ձայների 57,83 տոկոսը, Կոմունիստական կուսակցությունը՝ 13,81 տոկոս, Լիբերալ-դեմոկրատականը՝ 8,98 տոկոս, իսկ «Նոր մարդիկ»-ը՝ 7,96 տոկոս։
«Արդար Ռուսաստան»-ն այս պահին ստացել է 4,96 տոկոս։ Պամֆիլովան հայտարարել է, որ կուսակցությունը «մեծ հնարավորություն ունի» հաղթահարելու 5 տոկոսի շեմը։
Միամանդատ ընտրատարածքներում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները հաղթել են 225 ընտրատարածքներից 208-ում: Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածուները առաջին տեղը գրավել են հինգ ընտրատարածքներում, «Արդար Ռուսաստան»-ը՝ չորսում, ինքնաառաջադրված թեկնածուները՝ չորսում, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ երկուսում, իսկ «Ռոդինա»-ն՝ մեկում:
Այսպիսով, ԿԸՀ նախագահի խոսքով, նախնական տվյալներով, «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայում կունենա 355 մանդատ (սահմանադրական մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 301 մանդատ), Կոմունիստական կուսակցությունը՝ 40, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 25, «Նոր մարդիկ»-ը՝ 20, իսկ «Արդար Ռուսաստան»-ը՝ 4։
«Եդինայա Ռոսիա»-ն իր պատմության մեջ Պետդումայում մենամեծ խմբակցությունը կձևավորի։ Մինչ այդ, կուսակցության ամենամեծաթիվ խմբակցությունը ձևավորվել էր 2016 թվականի ընտրությունների արդյունքներով․ այն բաղկացած էր 343 պատգամավորից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի