Հասարակություն
21.09.2026 | 12:45
Factor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մասնագիտացված մանկատանը դայակի կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքից։ Ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 13-ին։ Մանկատան սանին ծեծի ենթարկածը խնամքի հեթապահ դայակ Վարդ Աղախանյանն է։
Դայակը մանկատան Դ-1 սենյակում նախ հարվածներ է հասցրել մանկատան սան Ֆ․ Մ․-ին, ապա, երբ նա ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրելու համար նախատեսված փայտը և շարունակել է դրանով բամաթիվ հարվածներ հասցնել վերջինիս մեջքի ստորին կողային հատվածին, ողնաշարի հատվածին և ձախ թիակային հատվածին, ինչի հետևանքով Ֆ․ Մ․-ին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել։
Գործի նյութերում նշված է, որ Ֆ․ Մ․-ն մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։
Նշենք, որ Վարդ Աղախանյանը «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում աշխատում է 2012 թվականի սեպտեմբերից։
Խնամքի հաստատությունը գործում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ։ Գերատեսչության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը «Հրապարակ» օրաթերթի հրապարակումից հետո նշել էր, որ դայակն ազատվել է աշխատանքից։
«Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը»,-նշել է նա։
Նշենք, որ երեխային ծեծի ենթարկած կինը տնային կալանքի տակ է։
Նարեկ Կիրակոսյան