Ինչու են Ֆրանսիայի ծայրահեղ աջերը կոշտ քննադատության ենթարկել Մոսկվային․ Լե Պենի ու Բարդելայի ուշագրավ հայտարարությունը

Ֆրանսիական «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդներ Մարին Լե Պենն ու Ժորդան Բարդելան հանդես են եկել համատեղ կոշտ հայտարարությամբ՝ քննադատելով Մոսկվային՝ «ահաբեկման և սպառնալիքների» միջոցով Փարիզի արտաքին քաղաքականության վրա ազդելու փորձերի համար։

«Մենք երբեք չենք հանդուրժի, որ որևէ օտարերկրյա պետություն, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, ուղղակի կամ անուղղակիորեն փորձի թելադրել մեր երկրի քաղաքականությունը ահաբեկման, սպառնալիքների, ապակայունացման կամ հոգեբանական ճնշման միջոցով»,- նշված է ֆրանսիացի աջերի հայտարարության մեջ։

Լե Պենն ու Բարդելան ընդգծել են, որ «ոչ մի հրահրում, ոչ մի գաղտնի գործողություն և ոչ մի ապակայունացնող քայլ» չեն դրդի Ֆրանսիային «նպաստել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական նպատակների իրագործմանը»։ Նրանց պնդմամբ՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը որոշվում է բացառապես Փարիզում՝ ինքնիշխան կերպով և ելնելով ազգային շահերից։

Ուշագրավ է, որ օրեր առաջ Լե Պենը հայտարարել էր, թե Ֆրանսիան այլևս չի կարող նախկին ծավալով ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ երկրի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով։ Այս ֆոնին, իրենց նոր հայտարարության մեջ աջակողմյան գործիչները կոչ են արել երկրի ներսում քննարկումներ սկսել Կիևին տրամադրվող աջակցության ծավալների շուրջ․ «Այս քննարկումներն օրինաչափ են, իսկ դրսից գործադրվող ճնշումները՝ ոչ»։

Հիշեցնենք, որ Մարին Լե Պենը համարվում է Ֆրանսիայում 2027 թվականի գարնանը սպասվող նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտներից մեկը, քանի որ Էմանուել Մակրոնն այլևս չի կարող թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի ավարտի պատճառով։ Հատկանշական է նաև, որ դեռևս 2023 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի քննիչ հանձնաժողովն արձանագրել էր «Ազգային միավորման» գաղափարական ու քաղաքական սերտաճումը Ռուսաստանի հետ, իսկ 2014 թվականին կուսակցությունը խոշոր վարկ էր ստացել ՌԴ-ի հետ կապված բանկից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment