Կարստեն Բրոյերը կգլխավորի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն․ Գերմանիայի դերը դաշինքում մեծանում է

Բունդեսվերի գլխավոր տեսուչ, գեներալ Կարստեն Բրոյերն ընտրվել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ։ Սեպտեմբերի 19-ին Կոպենհագենում կայացած քվեարկության արդյունքում գերմանացի գեներալը շրջանցել է Կանադայի ազգային պաշտպանության շտաբի պետ Ջենի Կարինյանին։ Բրոյերն իր պաշտոնը կստանձնի 2027 թվականի հուլիսին՝ փոխարինելով իտալացի ադմիրալ Ջուզեպպե Կավո Դրագոնեին։

Այս ընտրությունը պատահական չէ․ այն արտացոլում է Հյուսիսատլանտյան դաշինքում Գերմանիայի աճող ռազմաքաղաքական կշիռը։ Դեռևս «դարաշրջանային փոփոխության» (Zeitenwende) շրջանակներում Բերլինը կտրուկ ավելացրել է պաշտպանական ծախսերը, իսկ հետագայում խնդիր է դրվել Բունդեսվերը դարձնել Եվրոպայի ամենախոշոր ու մարտունակ ցամաքային բանակը։ Բացի այդ, Գերմանիան առաջատար դեր է ստանձնել «Ռամշտայն» ձևաչափում և Եվրոպայում անվտանգային նախաձեռնություններում։

Որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ռազմական հարցերով ավագ խորհրդական՝ Բրոյերը մեծ ազդեցություն է ունենալու դաշինքի ռազմավարական պլանավորման վրա։ Նրա պաշտոնավարումը, սակայն, համընկնելու է բավականին բարդ ժամանակաշրջանի հետ։

Բացի Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի զսպման քաղաքականությունից և արևելյան թևի ամրապնդումից, գերմանացի գեներալն ստիպված է լինելու առերեսվել ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությանը։ Վաշինգտոնը պլանավորում է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունը՝ դուրս բերելով մինչև 40 հազար զինծառայող, ինչը կազմում է Եվրոմիությունում տեղակայված ամերիկյան կոնտինգենտի գրեթե կեսը։ Այս փոփոխություններին դաշինքի հարմարեցման ողջ ծանրությունը ընկնելու է հենց Բրոյերի ուսերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment