Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրում տեղի է ունեցել նորակառույց միջնակարգ դպրոցի բացումը, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառման ընթացքում նա առաջ քաշեց «Չորրորդ հանրապետության դպրոց» կառուցելու թեզը՝ ներկայացնելով կրթական միջավայրի վերաբերյալ իշխանությունների նոր տեսլականը։
Փաշինյանի խոսքով՝ նորակառույց կրթօջախը պետք է ոչ միայն աշակերտներին ներշնչի սովորել, այլև դառնա համայնքային կյանքի կենտրոն։ Նա հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ հատուկ ծրագրեր են մշակվում, որպեսզի դպրոցական տարածքներն օգտագործեն նաև մեծահասակները՝ սոցիալական շփման նոր ձևեր ստանալու և կյանքի որակը բարելավելու համար։
Ելույթի ընթացքում նա նաև անդրադարձավ շինարարության ձգձգումներին՝ խոստովանելով, որ առաջին կապալառուի թերացման պատճառով ստիպված են եղել քանդել ամբողջ մասնաշենքն ու նորը կառուցել։ Անդրադառնալով միջազգային ստուգատեսներում հայ դպրոցականների ցածր առաջադիմությանը՝ Փաշինյանը կրկնեց իր պնդումը, թե անբավարար արդյունքների պատճառը նախկինում պատշաճ դպրոցներ չկառուցելն է։