ՀՀ բոլոր պետական ինստիտուտները, ամբողջ հայ ժողովուրդը բան ու գործ թողնի և սկսի Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկական է, դա ոչ մի բանի չբերող գործողություն է, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անիմաստ է համարում պետական մակարդակով Ադրբեջանին ապացուցելը, որ Արցախի Գանձասար վանական համալիրը հայկական է։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը՝ Գանձասարի վանական համալիրի՝ իբր ալբանական ծագման վերաբերյալ, Փաշինյանը նշել է, որ դրան արդեն արձագանքել է Մատենադարանի տնօրենը։
«Ի՞նչ է եղել․ ասել են՝ Գանձասարը ալբանական է։ Նախ՝ հարց է հնչել, ես ասել եմ, որ այդ ոլորտի ամենակոմպետենտ մարդն արձագանքել է դրան։ Երկրորդը՝ եթե մենք խնդիր ենք դնելու մեր առաջ, որ գնանք Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի խնդիր է»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բուն TV-ին տված հարցազրույցում ։
«Այսինքն՝ ՀՀ բոլոր պետական ինստիտուտները, ամբողջ հայ ժողովուրդը բան ու գործ թողնի և սկսի Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկական է, դա ոչ մի բանի չբերող գործողություն է։ Մենք ունենք բնագրերը, բնագրերը Մատենադարանում են, ում հետաքրքիր է, թող գա նայի և այդ հարցերի պատասխանը ստանա։ Ապացուցել, ապացուցել, ապացուցել․․․ Այսինքն՝ դրա վերջին գործողությունը ո՞րն է. հայտարարում ենք պատերազմ Ադրբեջանին, որպեսզի ապացուցենք, թե Գանձասարը հայկական է»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի այդ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգության իրավիճակը չի փոխվել։
«Մշտապես տարբեր կողմերից նմանատիպ «փռշտոցներ» են հնչում, և ի՞նչ, մենք պետք է վազենք ու բոլոր այդ փռշտոցներին արձագանքե՞նք։ Չենք անի»,- ասել է նա։
Գանձասարի շուրջ տիրող իրավիճակի մասին
Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ Ղարաբաղ կատարած այցի ընթացքում, հայտարարեց, որ Գանձասարն ու Դադիվանքը իբրև թե «հին ալբանական ժառանգության» մաս են կազմում։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով մասնակցում էր այցին, ավելի ուշ Երևանում հայտարարեց, որ չի վիճարկում հայկական ներկայությունը և հարուստ հայկական ժառանգությունը հակամարտությունից տուժած Ղարաբաղի շրջաններում։ Նա նաև այցելեց Մատենադարան, որտեղ ծանոթացավ հայկական ձեռագրերի հավաքածուին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հաջիևի հայտարարություններն անվանեց «բացահայտ կեղծիք» և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության նկատմամբ։