Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի կյանքը «դժոխքի վերածել»․ Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան պաշտպանության ծրագիր է մշակում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրի կրիտիկական ենթակառուցվածքները Ռուսաստանի կողմից հնարավոր հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու ծրագրի մշակման մասին։

Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանը պատրաստվում է Եվրամիության կյանքը վերածել «դժոխքի»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների աճող սպառնալիքի պայմաններում երկրի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանության ծրագիր մշակելու մասին։

Մակրոնի խոսքով՝ Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիայի և հիբրիդային սպառնալիքների բնույթը փոխվում է։ Այդ պատճառով Ֆրանսիայի կառավարությունը կմշակի ծրագիր՝ կրիտիկական ենթակառուցվածքներն ու պաշտպանական արդյունաբերության օբյեկտները կիբերհարձակումներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։

Որպես նման հիբրիդային սպառնալիքների վերջին օրինակներ՝ նա նշել է Լայպցիգի օդանավակայանում դրոնների միջոցով դիվերսիայի փորձը, եվրոպական երկրների օդային տարածքի խախտումները անօդաչու թռչող սարքերի միջոցով և Բալթիկ ծովի վրայով դանիական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ ազդանշանային հրթիռների արձակումը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Լայպցիգում, կարող է տեղի ունենալ եվրոպական ցանկացած այլ քաղաքում»,- ընդգծել է Մակրոնը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների պատճառով «ոչ ոք ապահովագրված չէ», իսկ ԵՄ երկրները ստիպված են ապրել «բարձր զգոնության ժամանակաշրջանում»։

Ֆրանսիայի նախագահն առանձին ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունների նպատակը Եվրոպային վախեցնելն ու Ուկրաինային աջակցելու ջանքերը խաթարելն է, սակայն դա կհանգեցնի ճիշտ հակառակ արդյունքի։

Bloomberg․ Ռուսաստանը պատրաստվում է հիբրիդային հարձակումներով Եվրոպայի կյանքը «դժոխքի վերածել»

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր եվրոպացի պաշտոնյաների մտահոգությունների մասին․ Բրյուսելում կարծում են, որ միայն ժամանակի հարց է, թե երբ Ռուսաստանի հիբրիդային հարձակումները ԵՄ-ում կհանգեցնեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։

Եթե նախկինում Ռուսաստանին մեղադրում էին ընտրություններին միջամտելու և միգրանտներին Եվրոպայի նկատմամբ ճնշման գործիք օգտագործելու մեջ, ապա այժմ եվրոպական հատուկ ծառայությունները ռուսական հետք են կասկածում դիվերսիաների, հրկիզումների, կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումների և օդային տարածքի խախտումների դեպքերում։

Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ բազմաթիվ միջադեպերի, մասնավորապես՝ կիբերհարձակումների և համակարգչային համակարգերի կոտրումների մասին հրապարակայնորեն չի հաղորդվում։ Հետևաբար, Ռուսաստանի հիբրիդային հարձակումների իրական մասշտաբները կարող են զգալիորեն ավելի մեծ լինել։

Bloomberg-ի եվրոպական հատուկ ծառայությունների աղբյուրները կարծում են, որ Ռուսաստանը սկսել է գործել ավելի անխոհեմ այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածները ռուսական լոգիստիկ կենտրոններին և վառելիքաէներգետիկ համալիրին վնաս են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարությունում ավելի ու ավելի բարձր են հնչում կոչերը՝ ստիպելու Եվրոպային «վճարել Կիևին ցուցաբերվող աջակցության համար»։ Կրեմլին մոտ կանգնած՝ հրատարակության աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ասիմետրիկ հիբրիդային գործողությունների միջոցով եվրոպական երկրների կյանքը «դժոխքի վերածել»։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment