ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի կողմից հնարավոր էսկալացիային․ Politico պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար, ադմիրալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։
«Դաշինքը պատրաստ է, կառուցվածքը պատրաստ է, զինվորները… զենքը պատրաստ է»,- նշել է ադմիրալը Կոպենհագենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ դաշինքը շարունակում է արևելյան թևում ուժերի ավելացման և դրանք համապատասխան սպառազինությամբ ապահովելու աշխատանքները։
Դրագոնեի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ունի «4000 էջանոց» պլան, որը նախատեսված է Ռուսաստանի կողմից հնարավոր տարաբնույթ հարձակումներից արևելյան թևը պաշտպանելու համար՝ սկսած նվազագույն ճգնաժամային իրավիճակներից մինչև դաշինքի տարածք ներխուժման սցենարները։ Նա ընդգծել է, որ դաշնակիցները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման և հստակ գիտեն, թե ինչպես պետք է արձագանքեն։
Անդրադառնալով վերջին ամիսներին Ռուսաստանի գործողություններին՝ ադմիրալը նշել է, որ դրանք նպատակ ունեն փորձարկելու դաշնակիցների վճռականությունը, խաթարելու վստահությունն ու թուլացնելու միասնականությունը։ Սակայն, ըստ նրա, նման փորձերը միայն սրում են դաշինքի գործիքակազմն ու ՆԱՏՕ-ին դարձնում ավելի համախմբված ու վճռական։