Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, առնվազն վեցը՝ վիրավորվել։ Տարածաշրջանում խոցվել է 249 ուկրաինական անօդաչու թռչող սարք, կիրակի՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, Telegram-ում գրել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Վորոբյովի խոսքով՝ հարձակումից հետո Սոֆինոյում հրդեհ է բռնկվել պահեստային համալիրում։ Telegram-ի «Astra» ալիքը հայտնում է, որ մոտ 850 հազար քառակուսի մետր տարածք ունեցող «Ժամանակակից պահեստային տեխնոլոգիաներ» լոգիստիկ համալիրն ամբողջությամբ բռնկվել է։
Նահանգապետը նաև հայտնել է, որ դրոնների հարվածներից հրդեհներ են բռնկվել երեք բազմաբնակարան շենքերում և մեկ առանձնատանը։
Սոբյանինը հարձակումն անվանել է ամենազանգվածայինը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ մոտենալիս խոցվել է 450 անօդաչու թռչող սարք։
«Հետ է մղվել Մոսկվայի ուղղությամբ թշնամական դրոնների ամենազանգվածային հարձակումը։ Երեկվանից բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս։ Մի քանի դրոն հասել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածք, մեկը հարվածել է բնակելի շենքի։ Զոհեր չկան»,- գրել է Սոբյանինը։
Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի Կապոտնյա շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Այս ՆՎԳ-ն հունիսին նույնպես ենթարկվել էր դրոնային հարձակման։
«Осторожно, новости» Telegram-ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է Կոտելնիկիում գտնվող բնակելի համալիրում բռնկված հրդեհի մասին։ Իստրայում անօդաչուի բեկորները վնասել են բնակելի շենքի բնակարաններից մեկը, հայտնել է համայնքի ղեկավար Տատյանա Վիտուշևան։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի