Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին

Քաղաքականություն

19.09.2026 | 16:48

Ոչ մի ցավակցական խոսք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում՝ ադրբեջանական հարձակումից զոհվածների ընտանիքներին, ոչ էլ կարեկցանքի ուղերձ՝ երեք տարի առաջ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս թեմայով լուռ է։ Փոխարենը, Ֆեյսբուքում և մյուս սոցիալական ցանցերում հասցրել է երեք ռիլ հրապարակել, թե վաղ առավոտյան ինչպես է հեծանիվ վարում, կեսօրին՝ սուրճ խմում և լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալիս։

Ինչու է Հայաստանի վարչապետն արցախցիների համար այս ողբերգական օրն անտեսում. Factor TV-ն այս հարցով դիմեց նրա մամուլի խոսնակին, ժամեր շարունակ արձագանք չկա, թեև խոսնակը կարդացել է հաղորդագրությունը։ Factor TV-ի հարցը՝ ուղերձ տարածվելո՞ւ է, անարձագանք է թողել նաև Հայաստանի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության խոսնակը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը միայն տեղեկացրեց՝ խորհրդարանական խմբակցության մակարդակով ուղերձ չի լինելու։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ փակում է արցախյան շարժման էջը, չի լինելու Արցախ վերադարձ։ Ըստ նրա՝ այս հարցերը վնասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությանը։ Ալիևի վարչակազմը, սակայն, շարունակում է խաղաղությանը վնասող հայտարարություններ անել։ Վերջինը Գանձասարի հայկական լինելը ժխտելն էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից։

Խորհրդարանական ուժերից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Արցախի հայաթափման երրորդ տարելիցին՝ այն որակելով համազգային ողբերգություն։ Կուսակցությունը հայտարարել է արցախահայության վերադարձի իրավունքը միջազգային հարթակներում պաշտպանելու և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին։

Սեպտեմբերի 19-ի թեմային անդրադարձ չկա նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից։

 

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment