Դոնալդ Թրամփը կարևորագույն որոշում պետք է կայացնի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտենում է մի փուլի, երբ կարևորագույն որոշում պետք է կայացնի՝ «ոչնչացնե՞լ իր իրանցի թշնամիներին», թե՞ ոչ։

«Ես մեծ որոշում պետք է կայացնեմ։ Ուզո՞ւմ եմ մտնել և ոչնչացնել նրանց, թե՞ ոչ», – Axios-ին ասել է Թրամփը։

Ի՞նչ են մտածում Իրանում, և ինչպիսի՞ իրավիճակ է ԱՄՆ-Իրան հարաբերություններում․ MediaHub-ը զրուցել է Թեհրանի Allameh Tabataba’i (ATU) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի հետ։

«Թրամփը պետք է կարողանա հայտարարել Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Հաղթանակ հայտարարելու նպատակով նա սկսել է ուժեղացնել Իրանի նկատմամբ գործադրվող տնտեսական ճնշումը՝ կիրառելով համապարփակ շրջափակում, փորձելով խոչընդոտել նավթի արտահանմանն ու ապրանքների ներկրմանը, ինչպես նաև կանխել ուղևորատար ինքնաթիռների մուտքը Իրան կամ դրանց ելքը դեպի այլ երկրներ։ Նպատակն ապրանքների և ուղևորների տեղափոխումն առավել բարդացնելն է։ Սակայն այդ ջանքերը հաջողություն չեն ունենա»,- ասել է միջազգայնագետը։

Ըստ Մովահեդիանի՝ Իրանն ունի տասնհինգ հարևան պետություն և տնտեսապես հզոր երկիր է, ուստի անհնար է լիովին արգելափակել նրա արտահանման և ներկրման ուղիները։ Այս ճնշումները տնտեսական դժվարություններ կստեղծեն իրանցի ժողովրդի համար, բայց չեն ստիպի Իրանին հանձնվել, ինչպես դա չի հաջողվել անել վերջին քառասունյոթ տարիների ընթացքում։

Ավելին, այլ երկրներ լիարժեքորեն չեն համագործակցում այս մոտեցման շրջանակներում։ Մասնավորապես՝ Չինաստանը, Ռուսաստանը և բազմաթիվ այլ երկրներ չեն պաշտպանում գործողությունների այս ընթացքը։ Հետևաբար, Թրամփի՝ ճնշում գործադրելու արշավը չի հասնի իր նպատակին։

«Արդյունքում՝ հաղթանակ հայտարարելու համար (հատկապես հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մոտալուտ լինելը) Թրամփը կարող է հարկադրված լինել դիմելու ավելի ագրեսիվ, հնարավոր է՝ նաև ռազմական գործողությունների՝ հաղթանակի մասին հայտարարելու նպատակով։ Այդ գործողությունները կարող են ներառել Իրանի որոշ միջուկային օբյեկտների ռմբակոծումը, ահաբեկչական գործողությունները և զինված հակամարտության հրահրումը հենց Իրանի տարածքում։ Վերջին շաբաթներին, ըստ հաղորդումների, Իրանում զգալի քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել, իսկ որոշ սահմանամերձ նահանգներում տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ։ Տպավորություն է ստեղծվում, որ Իրանի նկատմամբ Թրամփի մոտեցումը կարող է ներառել ահաբեկչական գործունեության ակտիվացում, զենքի և զինամթերքի ներկրում Իրան՝ զինված հակամարտություն հրահրելու նպատակով (հատկապես սահմանամերձ նահանգներում) և, ի վերջո, անջատողական շարժումների ուժեղացում ու հերթական պատերազմի սանձազերծում։ Իրանը կարող է նույնիսկ հիբրիդային պատերազմը ներառել իր օրակարգում»,- նշել է միջազգայնագետը։

Leave a comment