Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի և Կաննի կինոփառատոնի գրան պրիի դափնեկիր Անդրեյ Զվյագինցևը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»:
Զվյագինցևը դեռևս 2021 թվականին՝ լայնածավալ պատերազմի մեկնարկից առաջ, բուժման նպատակով Ռուսաստանից մեկնել է Գերմանիա։ Պատերազմի սկսվելուց հետո նա հրապարակավ դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների գործողությունները և որոշել է չվերադառնալ երկիր։
2022 թվականին ռեժիսորը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ մինչ այժմ բնակվում է։ Այս տարվա մայիսին նրա «Մինոտավրոս» ֆիլմը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին զարգացող ընտանեկան դրաման, արժանացել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիին, գրում է BBC-ն:
Ֆրանսիան Զվյագինցևի «Մինոտավրոս» ֆիլմն առաջադրել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է Ֆրանսիայի կինոյի և անիմացիայի ազգային կենտրոնը։
Մրցանակը ստանալու ժամանակ ունեցած ելույթում Զվյագինցևը ռուսերենով անմիջականորեն դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Շփման գծի երկու կողմերում միլիոնավոր մարդիկ այժմ միայն մի բանի մասին են երազում՝ որ վերջապես դադարեն մարդկանց անհաշիվ սպանությունները, և միակ մարդը, ով կարող է կանգնեցնել այս մսաղացը, դուք եք, պարոն Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Վերջ տվեք այս սպանդին։ Ամբողջ աշխարհը դրան է սպասում»,- հայտարարել է ռեժիսորը։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը սովորաբար շատ հակիրճ է ներկայացնում անձանց «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ շնորհելու հիմքերը։ Դրանց թվում հաճախ նշվում է, որ տվյալ անձը «դեմ է հանդես գալիս հատուկ ռազմական գործողությանը», սակայն Զվյագինցևի պարագայում գերատեսչության հաղորդագրությունում նման ձևակերպում չի ներառվել։
Նախարարությունը նշել է, որ Զվյագինցևը «մասնակցել է […] այն անձանց հաղորդագրությունների և նյութերի ստեղծմանը, որոնք Ռուսաստանում ճանաչվել են «օտարերկրյա գործակալներ», ինչպես նաև այնտեղ «անցանկալի» ճանաչված կազմակերպությունների համար։
«Տարածել է ոչ հավաստի տեղեկություններ ՌԴ պետական իշխանության մարմինների ընդունած որոշումների և նրանց վարած քաղաքականության վերաբերյալ։ Փոխգործակցել է օտարերկրյա գործակալների հետ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։
Զվյագինցևի հետ միասին «օտարերկրյա գործակալներ» են ճանաչվել լրագրող Միխայիլ Շևելյովը, բլոգերներ Երժան Տուրգումբայը և Պավել Իվանովը, ինչպես նաև «Անարխիստ-35» նախագիծը։
Զվյագինցևը «Վերադարձ», «Լևիաթան», «Չսեր», «Ելենա» և «Մինոտավր» ֆիլմերի հեղինակն է։