Արցախի հայաթափումից 3 տարի է անցել: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին՝ 13:00-ին մոտ, Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Հարվածների թիրախում էին ոչ միայն դիրքերը, այլև Ստեփանակերտն ու մի շարք այլ բնակավայրեր։ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական դիրքերն ու ճանապարհները, ինչի հետևանքով Արցախի պաշտպանական ուժերը հայտնվել են ծանր դրության մեջ։ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն միջամտել:
Մինչ այդ Արցախը 9 ամիս եղել է լիակատար շրջափակման և հումանիտար ճգնաժամի մեջ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցները փակել էին Լաչինի միջանցքը՝ կասեցնելվ մատակարարուները Հայաստանից Արցախ:
2023-ի սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։
Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ն՝ անչափահաս։
Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Մարդիկ հեռացել են իրենց բնակավայրերից՝ թողնելով տներն ու ունեցվածքը։
Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում էր 2024 թվականի հունվարի 1-ից դադարեցնել Արցախի Հանրապետության պետական բոլոր կառույցների գործունեությունը։ Հետագայում, արդեն Հայաստանում, Շահրամանյանը հայտարարել է, որ նման հրամանագիր չի եղել, համապատասխան հաղորդագրությունն Արցախի տեղեկատվական շտաբի էջում է հրապարակվել արցախցիներին սպառնացող վտանգը կանխելու նպատակով։
2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել, որպեսզի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել ու արագ, իսկ այնտեղ մնացած մարդիկ հնարավորություն ունենան անվտանգ հեռանալ կամ մնալ՝ առանց ուժի կամ ահաբեկման կիրառման, որը կարող է նրանց հարկադրել հեռանալ։
2024 թվականին Freedom House-ը Արցախի հայթափումը գնահատել էր որպես էթնիկ զտման չափանիշներին համապատասխանող: