ԳՀԽ-ն դատապարտելի է համարել իշխանությունների կողմից եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է գնահատել եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը, հոգևորականներին առնչվող քրեական և իրավական գործընթացները, ինչպես նաև պետական լծակներով եկեղեցու գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումները։

ԳՀԽ-ն դատապարտելի է համարել իշխանությունների կողմից եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը:

Ժողովին մասնակցել են Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։ Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես են եկել ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը։

Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և կառավարության ծրագրում ներառված՝ Հայ եկեղեցուն վերաբերող դրույթներին։

«Ներկայացվել են խտրական վարչարարության, եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։

Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվել է, որ նման գործողությունները ոտնահարում են եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրել է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող «արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը»։

Ժողովականները քննարկել են առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։

Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող կանոնադրական փաստաթղթերի լրամշակման վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Արա Զոհրաբյանը։ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է ներկայացված առաջարկները և թելադրել շարունակել փաստաթղթերի լրամշակումը՝ Հայ եկեղեցու կանոնական սկզբունքներին և նվիրագործված ավանդույթներին համապատասխան։

Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը՝ անդրադառնալով դիմորդների ներգրավման, կրթության որակի բարձրացման և դասախոսական կազմի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Խորհուրդը կարևորել է նախանձախնդիր, նվիրյալ և գիտակ հոգևորականների պատրաստման առաքելությունը՝ ընդգծելով ուսումնական ծրագրերի մշակման, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայման, դասախոսական կազմի համալրման, սաների աստվածաբանական գիտելիքների խորացման և հովվական հմտությունների զարգացման հրամայականը։

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ներկայացրել է համայնքներում քրիստոնեական դաստիարակության կազմակերպման նպատակով հոգևոր հովիվներին տրամադրվելիք ուղեցույց-ձեռնարկի պատրաստման, կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման աշխատանքների ընթացքը։

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման և հոգևոր-կրթական ծրագրերին երեխաների ու պատանիների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։

Ժողովի ընթացքում քննարկվել են նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

Կառավարությունն իր ծրագրում առանձին գլուխ է նվիրել եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում եկեղեցուն առնչվող օրենսդրական փոփոխություններ կլինեն:

Leave a comment