Գարեգին Բ․ Իրական խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովրդների հիմնարար իրավունքների հարգման վրա

Իրական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, ժողովրդների հիմնարար իրավունքների հարգման վրա, հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում է գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյը:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև առկա հիմնախնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար։

Կաթողիկոսն անդրադարձել է բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին հնարավորինս արագ ազատ արձակելու անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման քաղաքականությանը։ Վեհափառ Հայրապետը կարևորել է այս խնդիրների առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն ու հասցեական արձագանքը, հայտնում է Մայր Աթոռը:

Տարածաշրջանային զարգացումներին անդրադառնալով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ իրական և տևական խաղաղության հիմքում պետք է լինեն արդարությունը, ճշմարտությունը, մարդկային արժանապատվությունը, կրոնական ազատությունը և ժողովուրդների հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։

Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դարավոր հոգևոր և ազգապահպան առաքելությունը, ինչպես նաև պատմական ծանրագույն փորձությունների պայմաններում համաքրիստոնեական աշխարհին փոխանցած հավատի աննահանջ վկայությունը։ Հյուրերը շեշտել են, որ Հայաստանի և Հայոց եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը միջազգային հանրության կողմից պետք է առավել ճանաչված և ըստ արժանվույն գնահատված լինի՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել իրենց ջանքերը՝ միջազգային տարբեր հարթակներում հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու ձայնն առավել լսելի դարձնելու ուղղությամբ։

Նրանք ներկայացրել են նաև հայ գերիների իրավունքների խախտումների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրականացվող ոտնձգությունների վերաբերյալ իրենց նախաձեռնած իրազեկման աշխատանքները։ Պատվիրակության անդամները հավաստիացրել են նաև, որ հետևողականորեն բարձրաձայնելու են հայ գերիների խնդիրը ԱՄՆ պետական կառույցներում, ինչպես նաև միջազգային կրոնական ազատության հարցերով զբաղվող համապատասխան մարմիններում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդների հոգևոր կյանքի ու հավատքի ամրապնդման, ինչպես նաև ատելության և թշնամանքի հաղթահարման ու ժողովուրդների միջև արդարության հաստատման շուրջ։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվիրակության անդամներին մաղթել է արդյունավոր առաքելություն՝ Աստծո օրհնությունն ու զորակցությունը հայցելով նրանց առաքելության համար։

Պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում 19 հայ գերի է պահվում, որոնցից 16-ի մասով կա դատավճիռ՝ նրանք դատապարտվել են ցմահ կամ տևական ազատազրկման:

Leave a comment