Ադրբեջանը ՄԻԵԴ-ին որոշ բժշկական փաստաթղթեր է փոխանցել, սակայն, ոչ ամբողջական, ինչպես նաև չի տրամադրել լուսանկարներ, որոնք կներկայացնեին հայ գերիների փաստացի վիճակը, հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Բժշկական փաստաթղթերը տեղի քրեակատարողական հիմնարկներում իրականացված բուժհետազոտությունների արդյունքներով են և չեն արտացոլում այլ աղբյուրներից հայտնի տեղեկությունները, հայտնում է Sputnik Արմենիան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև 2026-ի օգոստոսի 31-ը զեկույց ներկայացնել գերիների պահման պայմանների, առողջական վիճակի և դատական գործընթացների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը, սակայն, այդ պահանջը կատարել է սեպտեմբերին։
Գերիների շահերի ներկայացուցիչներն՝ անհատական գործերով, ինչպես նաև ՀՀ կառավարությունը՝ միջպետական գործի շրջանակում, ՄԻԵԴ-ից ստացել են ադրբեջանական կողմի փոխանցած փաստաթղթերը։ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը դատավճիռները չի տրամադրել և դրանց փոխարեն ներկայացրել է քաղվածք, որը դատարանի պահանջած տեղեկատվությունը չի պարունակել։
«Ադրբեջանը ՄԻԵԴ–ին չի տրամադրել նաև լուսանկարներ, որոնք կներկայացնեին հայ գերիների փաստացի վիճակը։ Սահակյանն այս հանգամանքը խիստ մտահոգիչ է համարում` հաշվի առնելով, որ նախկինում թեկուզ սակավաթիվ, բայց նման լուսանկարներ ներկայացված եղել են։ Կարող եմ նշել, որ եթե ինչ-որ չափով տվյալներ տրամադրվել են, դրանք առավելապես վերաբերում են հենց առողջականին, սակայն որքանով են ամբողջական, որքանով այն իրականացնող բժիշկներն անկախ և օբյեկտիվ են գործել, սրանք քննարկման ենթակա հարցեր են»,–ասել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ այդ տեղեկությունները փոխանցվել են ընտանիքի անդամներին, իսկ նրանց աջակցությամբ իրենք վեր են հանել իրական պատկերը և իրենց դիտարկումները ներկայացնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին մինչև հոկտեմբերի 6-ը ժամանակ է տրամադրել՝ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելու և դրանցում առկա տեղեկությունների վերաբերյալ իր դիտարկումները հայտնելու համար։
Իրավապաշտպանը հայտնել է, որ ՄԻԵԴ ներկայացվող դիտարկումներն ու բարձրացվող խնդիրները բազմաթիվ են եղել և դեռ ավելանալու են։ Դրանից հետո եվրոպական դատարանը կարող է Ադրբեջանից լրացուցիչ տվյալներ պահանջել։ Դատարանը կարող է նաև արձանագրել զեկույց ներկայացնելու պարտականության չկատարումը կամ դրա ոչ պատշաճ կատարումը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Վերջինս ավելի վաղ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում։
Վարդանյանի դիմումի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ ոչ միայն այս, այլև մյուս բոլոր ուղերձներում հայ գերիների բարձրացրած հարցերն առնչվել են մարդու իրավունքներին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը, ներկայանալով որպես ժողովրդավարական ձգտումներ ունեցող երկիր, այդ իրավունքներն ինկորպորացրել և համապատասխան երաշխիքները դարձրել է իր ներպետական իրավունքի մաս։ Իսկ դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը վերապահված է հենց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։
«Ես կցանկանայի հատկապես շեշտադրել բացարձակ մեկուսացվածությունը։ Այս նկարագրված պայմանները մի կողմից հանգեցնում են հայ գերիների` արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության, ինչը առաջ է բերում հոգեբանական, ֆիզիկական խնդիրներ։ Այն համակցվում է բուժօգնություն չստանալու խնդրի հետ, որպիսի պայմաններում նպատակային վնաս է պատճառվում այս անձանց առողջությանը, իսկ մյուս կողմից` մարդկայնությանն առնչվող նվազագույն տարրերը հարգված չեն»,–ասել է Սահակյանը։
Նա ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն իրավիճակի փաստագրում է։ Սահակյանի խոսքով՝ համապատասխան տվյալների բացակայության պայմաններում միջազգային գործընկերները չեն կարող դիրքորոշումներ ձևավորել, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 19 հայ գերի կա, որոնցից 16-ի վերաբերյալ կա դատավճիռ: ։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվել է առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանն ու Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։