Սեպտեմբերի 16-ին Սոֆիայում կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։ Կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում արձանագրված զարգացումները և առկա մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների աշխատանքին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը քննարկվել է նաև Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը։ Փաստաթղթի նախագիծն արդեն մշակման փուլում է։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող կառույցների միջև համագործակցությունը հետագայում զարգացնելու և ընդլայնելու հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են փորձի ու մասնագիտական գիտելիքների փոխանակումը, ոլորտային երկխոսության ակտիվացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համատեղ աշխատանքը։
Միաժամանակ ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունն ընդլայնելու կարևորությունը։
Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը՝ շեշտադրելով երկխոսության նշանակությունը հեռարձակման ոլորտն արդյունավետ կարգավորելու և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։