Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ հետապնդումն ապօրինի որակելով։
«Հետապնդումն ակնհայտ ապօրինի է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ Քոչարյանը գույքերի օտարման վերաբերյալ որոշումները ստորագրել է ի պաշտոնե։
Փաստաբանը նաև հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությանը նախորդել են քաղաքական բնույթի հայտարարություններ։
«Կարելի է ընդգծված քաղաքական երանգ տեսնել, որովհետև իրադարձություններ, որոնց վաղեմության ժամկետն ակնհայտորեն լրացել է, բերել, այսօր քրեական գործի վերածել ու նախագահին կալանավորել, այստեղ իրավաբանին չպետք է հարց տրվի, ենթակա չէ իրավական մեկնաբանության։
Այս բոլոր դեպքերի վաղեմության ժամկետները լրացված են, բայց վաղեմությունը վարույթ իրականացնող մարմինը վերակենդանացրել է, նախագահի, իր ընտանիքի հետ որևէ ձևով փոխկապակցավածություն չունեցող ընկերության կողմից գույք օտարելու գործարքով»,-ասել է նա:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Մարտի 1-ի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ գործարքի չի գնացել և չի գնալու գործող իշխանությունների հետ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Սա նախագահի 4-րդ կալանքն է։ Սա էլ վառ ապացույցն է, որ սրանց հետ որևէ գործարքի չի գնա։ Արդեն կալանավորված եղել է ամիսներ շարունակ, նույնիսկ 1 տարուց ավելի։ Ամսվա, օրվա հաշվարկներից նախագահը չի ընկճվում։ Լինելու է պայքար, չնայած, որ դժվար է՝ մեկ ընտանիքից 2 անձ արդեն կալանքի տակ է, «ստալինյան» ոճի մեջ է։ Հատուկ տրագիկ բան չկա, տրագիկ բաներ պետության հետ են տեղի ունենում։ Նստացրե՞լ ես Քոչարյանին` դինջացի, արդեն ԱԱԾ պադվալում է, անցի գործերիդ, բազմաթիվ խնդիրներ կան երկրում»,- ասել է Միկոյանը։
Նա պնդել է, որ եթե որևէ փոխզիջում եղած լիներ, ապա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արդեն չորրորդ անգամ կալանք չէր կիրառվի։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները մուտք են գործել Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և խուզարկություններ են իրականացրել։ Այնուհետև հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ օգոստոսի 27-ին դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվել է առանց ՀՀ երկրորդ նախագահի, քանի որ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օգոստոսի 27-ին նա տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։