«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը անջատեց նրա խոսափողը և հայտարարեց նախազգուշացում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը անջատեց նրա խոսափողը և հայտարարեց նախազգուշացում։
Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անազատության մեջ է, որպեսզի Քրիստոսի արձանը չկանգնեցվի։
«Այստեղ պակասում է մեկ խմբակցություն` 60 հազար քաղաքացու ձայն։ Ես վստահ եմ, որ դուք դա չեք արել, որ այստեղ 3 պատգամավոր ավելի լինի։ Դա երևի թե արվել է և այսօր էլ, երևի թե իրենց առաջնորդը անազատության մեջ է մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի, որովհետև եթե կանգնեցված լիներ, երևի թե իշխանության մի որոշ մարդիկ կարող է վիրավորվեին, իրենց հոգևոր, կրոնական զգացմունքները վիրավորվեր այդ արձանից»,– ասաց Մանուկյանն իր ելույթի ժամանակ։
Դրան արձագանքելով՝ Ալեքսանյանը հայտարարեց, որ նման ձևակերպումն անընդունելի է։
«Ի՞նչ է նշանակում՝ իշխանության մի հատված վիրավորվեր Քրիստոսի արձանից կամ Քրիստոսի պատկերից, էդ ի՞նչ եք ասում։ Էդ ի՞նչ ասելու բան է։ Ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Անջատե՛ք պարոն Մանուկյանի խոսափողը ու գնացե՛ք, նստե՛ք ձեր տեղը, որ մինչև սովորեք, թե ոնց է պետք խոսել»– ասաց նա։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ նման հայտարարությունը վիրավորական է։
«Երբ մեզ ասում են, թե մենք կարող ենք վիրավորվել Քրիստոսի արձանից, կներեք, բայց դա ոչ միայն վիրավորական է, դա չափազանց վատ վիրավորանք է»,– ասաց Ալեքսանյանը։