Դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը

Բաժանորդագրվել

Գործով արդեն հարցաքննվել են վկաներ, իսկ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցները՝ տեսանյութերը, փաստաթղթերը և մյուս նյութերը, արդեն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը։ Որոշումը կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը՝ մասնակի բավարարելով դատախազի միջնորդությունը։

Դատախազը միջնորդել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգել՝ պատճառաբանելով, որ շարունակում է առկա համարել վկաների նկատմամբ հնարավոր ներգործության վտանգը։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի գործով վկա Պավել Մարտիրոսյանն այսօր դատարանոմ հարցանքնվել է մոտ 6 ժամ։

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հակադարձեց, որ գործով արդեն հարցաքննվել են վկաներ, իսկ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցները՝ տեսանյութերը, փաստաթղթերը և մյուս նյութերը, արդեն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են։

Պաշտպանները շեշտեցին, որ որ այդ ապացույցները փոխելու կամ դրանց վրա որևէ կերպ ներգործելու հնարավորություն Կարապետյանը չունի, հետևաբար, իրենց գնահատմամբ, վկաների կամ ապացույցների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատախազության հիմնավորումները բավարար չեն տնային կալանքը երկարաձգելու համար։

«Մենք առերեսում են խնդրել մեր դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն նախաքննական մարմինն ասել է, որ կարիք չկա, քանի որ Սամել Կարապետյանի դեմ ցուցմունք չկա, հետևաբար ինչպե՞ս կարող ենք ազդել վկաների վրա»,– ասաց պաշտպաններից Արմեն Ֆերոյանը։

Leave a comment