Ոլորտից չեմ հեռանա. քաղավիացիայի կոմիտեի նախագահը ազատվել է աշխատանքից

Բաժանորդագրվել

Նա նաև հրաժեշտի խոսք է հղել իր թիմին ու գործընկերներին` ամփոփելով վերջին տարիներին կատարված աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը պաշտոնից ազատվել է։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի սոցցանցային էջից։

Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

«Պաշտոնը թողնելով՝ ես չեմ հեռանում ոլորտից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացումը ինձ համար եղել և շարունակում է մնալ կարևոր մասնագիտական առաքելություն։ Պատրաստ եմ նաև հետագայում իմ փորձով և գիտելիքներով նպաստել դրա շարունակական զարգացմանը»,– նշել է Խաչատրյանը։

Նա նաև հրաժեշտի խոսք է հղել իր թիմին ու գործընկերներին` ամփոփելով վերջին տարիներին կատարված աշխատանքը և քաղաքացիական ավիացիայի ոլորտում կատարված բարեփոխումները։

Խաչատրյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին ստեղծվել է 2 նոր ստորաբաժանում, վերանայվել և փոխվել է կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, ներդրվել է վերապատրաստումների պլան և այլն։

Կոմիտեի նախկին նախագահը նաև բարձր է գնահատել ICAO/EURONAT-ի, DG MOVE/EASA-ի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների այլ միջազգային ավիացիոն մարմինների և ավիացիոն իշխանությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Պնդել է` այսօր կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ։

«Այսօր աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ կոմիտեում ձևավորվել է մասնագետների նոր սերունդ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ արձագանքել ավիացիայի ոլորտի արագ զարգացող միտումներին և նոր մարտահրավերներին»,– հայտնել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Միհրան Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թվականի հունիսին։

Leave a comment