«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու պահանջները։ Նրանց մոտեցել են խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և նույն խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Արցախցիներն ԱԺ մոտ պահանջում էին հանդիպում ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, Ազգային ժողովում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների անցկացում, ինչպես նաև հստակ լուծումներ բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցիալական խնդիրների և բնակապահովման ծրագրի վերաբերյալ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանն ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացրել է իրենց մտահոգությունները Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների համատեքստում, երբ վերջինս ասել է, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Իսրայելյանը միաժամանակ նշել է, որ Երևանը համապատասխան արձագանք չի տալիս, իսկ արցախցիները Հայաստանում մինչ օրս հստակ կարգավիճակ չունեն։
«Պաշտոնական Հայաստանի արձագանքը Հաջիևին մեզ համար ընդունելի չէ։ Մենք մեզ հասանելի միջոցներով արձագանքել ենք, ավելին՝ մենք նամակ ենք գրել Մագդանելա Գրոնոյին (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ-խմբ.) հանդիպելու խնդրանքով։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է **շատ կոշտ արձագանքեին** Հաջիևին։ Եթե Փաշինյանն ասում է Մատենադարանն արձագանքել է, ապա գուցե Մատենադարանի տնօրենին տանենք դնենք ԱԳ նախարար, իսկ ներկայիս ԱԳ նախարարը թող գնա առևտրով զբաղվի»,–ասել է Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ եթե այսօր Ադրբեջանում խոսում են Արցախի եկեղեցիների ու վանքերի մասին՝ դրանք անվանելով աղվանական, ապա վաղը կարող են անդրադառնալ Երևանի եկեղեցիներին։
Արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ Խաչատրյանը շեշտել է, որ այդ հարցը մշտապես պետք է պահպանվի օրակարգում։
Լիլիթ Գալստյանն իր հերթին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ին կազմակերպվելու է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել են արցախցիների խնդիրներին այս կամ այն կերպ առնչվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀԿ-ների և ԵԽ-ի ներկայացուցիչներ։
«Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, 334 սենյակում պետք է նորից լսենք այդ խնդիրները, ախտորոշենք և տանք լուծումներ։ Ես հանձնաժողովի նախագահն եմ, մեր խմբակցությունը փոքրամասնություն է, և ես վստահ չեմ, որ բոլոր արձանագրված խնդիրներին կտրվեն լուծումներ, բայց մենք չենք կարող չօգտվել այդ մեխանիզմից»,–ասել է նա։
Գալստյանն ընդգծել է, որ արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող ջնջվել իրենց քաղաքական ուժի օրակարգից։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։