Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի լուծման շուրջ քննարկումները, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրադրության փոփոխություն չի եղել, քննարկումները շարունակվում են, դա շատ նուրբ հարց է: Դա մեր սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը տնօրինելու հնարավորություն պետք է ունենանք այնպես, ինչպես ուզում ենք»,- ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը:
Նա հավելել է, որ այս հարցի լուծման համար Հայաստանը ժամկետներ չի սահմանում:
«Մենք հանգիստ քննարկում ենք այդ հարցը՝ մյուս հարցերի հետ փոխկապակցվածության մեջ: Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ, հնարավորինս բարեկամաբար այդ խնդիրը լուծվի»,- նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով ռուսական գազի սակագնի հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվել է հարաբերությունների գույքագրման գործընթացը, որի ընթացքում կողմերը դիտարկում են համագործակցության տարբեր ոլորտները։
«Ինչպես Բիշքեկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ մենք պայմանավորվեցինք՝ շարունակում ենք Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների գույքագրում իրականացնել՝ տեսնելու, թե դրանք ինչ շերտերից են բաղկացած: Գալիս է երկաթուղու հարցը, բոլորը սկսում են զբաղվել դրանով, հետո գալիս է գազի հարցը. ՀՀ-ՌԴ հարաբերությունները բազմաշերտ են և այդտեղ բազմաթիվ խնդիրներ, հարցեր, հնարավորություններ կան: Գույքագրման այդ պրոցեսը գնում է, և քննարկումները շարունակվում կամ սկսվում են»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ գազի ներկրման և այլ հարցերի շուրջ բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր երկրների հետ։
Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։
Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։ Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ևս խոսել էր՝ նշելով, որ ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկում է որոշ մրցակցային առավելություններից՝ առաջարկելով հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ որևէ երրորդ երկրի փոխանցել։ Ռուսական կողմից տարբեր պաշտոնյաներ արդեն իսկ հայտարարել են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելը նպատակահարմար չեն համարում։