ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԵԱՏՄ-ի հետ ստեղծել տրանսպորտային միասնական համակարգ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը պետք է դուրս գան առանձին տրանսպորտային միջանցքների զարգացման շրջանակներից և փոխարենը ձևավորեն փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ. այս մասին հինգշաբթի հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաեւը։

«Ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում ծովային երթուղիները խոցելի են դարձել և ենթարկվում են տարբեր ռիսկերի. նման պայմաններում եվրասիական տրանսպորտային երթուղիների, ինչպես նաև դրանց առնչվող կարգավորող մեխանիզմների նշանակությունն օբյեկտիվորեն աճում է մեր պետությունների համար, որոնք գտնվում են նույն մայրցամաքում՝ Եվրասիայում», – ասել է Երմեկբաեւը «ԵԱՏՄ-ՇՀԿ. տնտեսական համագործակցության խթանում» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Պաշտոնյան նշել է, որ «գլոբալ մատակարարման շղթաների ընթացիկ վերակառուցումը նոր պահանջներ է առաջադրում տրանսպորտային երթուղիների կայունության և արդյունավետության վերաբերյալ»։

«Ուստի ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի առջև խնդիր է դրված՝ ոչ թե պարզապես զարգացնել մեկուսացված տրանսպորտային միջանցքներ, այլ ստեղծել փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ, որը կմիավորի Արևելքը, Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը», – ընդգծել է նա։

Երմեկբաեւն առանձնահատուկ նշել է, որ ԵԱՏՄ-ն ունի տրանսպորտային համակարգված քաղաքականության իրականացման լավ զարգացած մեխանիզմներ, մինչդեռ ՇՀԿ-ն միավորում է այն երկրները, որոնց տարածքով անցնում են Եվրասիայի ամենակարևոր տարանցիկ երթուղիները։

Leave a comment