Կառավարությունը հավանություն է տվել 19 համայնքում իրականացվող 25 սուբվենցիոն ծրագիր 1 մլրդ 110 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին։
«Խոսքը 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին է վերաբերում։ Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել հանրապետության 19 համայնքների թվով 25 ծրագրեր, որոնցից 3-ը՝ Արագածոտնի, 2-ը՝ Արարատի, 9-ը՝ Արմավիրի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի մարզում»,- ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է 1lurer.am-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել և թվարկել է նախատեսված ծրագրերը։
«Այս ֆինանսավորումն էլ հետը 2026 թվականի պետական բյուջեից արդեն կունենանք 12 մլրդ 11 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է Խուդաթյանը։
Վարչապետը դրական է գնահատել սուբվենցիոն ծրագրերի ծավալների ավելացումը՝ ընդգծելով, որ դրանց արդյունքները տեսանելի են համայնքներում։ Նրա խոսքով՝ որոշ համայնքներում առաջին փուլի աշխատանքներն արդեն ավարտված են, և անհրաժեշտ է անցնել հաջորդ փուլերին։ Փաշինյանը նաև կարևորել է նման ծրագրերի ազդեցությունը մասնավոր ներդրումների, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում ներդրումային ակտիվության խթանման վրա։
«Սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աճում են, լավ է, որ աճում են, որովհետև դրանք տեսանելի են մեր համայնքներում, և նույնիսկ համայնքներ կան, որ առաջին հայացքից արդեն առաջին շերտի աշխատանքներն ավարտված են։ Արդեն երկրորդ, երրրորդ, չորրորդ շերտի աշխատանքներ պետք է արվեն, ինչը լավ է, բայց, իհարկե, մնացած ծավալը շատ մեծ է, և պետք է շարունակենք այդ տրամաբանությամբ, և այս ներդրումները նաև մասնավոր ներդրումներն են խթանում, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում։
Այն գյուղերում, որտեղ տասնյակ տարիներով ճանապարհներ չեն եղել, երբ որ նույնիսկ տեղեկատվությունը գնում է այս ձևաչափով, որ Կառավարությունը նախագիծ է պատվիրել, էլ չեմ ասում՝ մրցույթ է հայտարարել, մրցույթը հաղթող ունի, արդեն իսկ այդտեղ սկսում են հյուրատների կառուցում, այլ մասնավոր նախագծերի կառուցում, և սա մի տրամաբանություն է, որ հեռակա մասնավոր-պետություն համագործակցության ձևաչափ է ձևավորում, ինչը բավականին արդյունավետ է»,- նշել է վարչապետը։