Մինչև 1,2 մլն դրամ աշխատավարձ՝ համայնքի ղեկավարներին․ պետական համակարգում աշխատավարձերը կարող են բարձրանալ

Նոր համակարգը բացառություն է նախատեսում այն անձանց համար, որոնք արդեն ունեն գործող խրախուսման համակարգ


ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Պետական համակարգում մի շարք պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը 2027 թ.-ի հունվարի 1-ից կարող են բարձրանալ։


Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենսդրական փաթեթին։

«Այսօր մեր բազմաթիվ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց միջին ամսական աշխատավարձը տատանվում է 250-350 հազար դրամ միջակայքում․ այս գործընթացի արդյունքում եթե գրանցվեն 80 և ավելի տոկոս կատարողական արդյունքներ, ապա այդ մարդկանց աշխատավարձը կգտնվի 400-500 հազար դրամ միջակայքում», – ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում` ներկայացնելով նախագիծը։

Նրա խոսքով` բաժնի պետերը, որոնք գործող համակարգում վճարվում են ամսական մինչև 400 հազար դրամ, կարող են այս կարգավորումների արդյունքում իրենց լրավճարների հետ միասին ստանալ մինչև 740 հազար դրամ աշխատավարձ։

Աշխատավարձերի փոփոխությունը նախատեսվում է նաև համայնքների ղեկավարների համար։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ համայնքների ղեկավարներն այժմ ստանում են 250–500 հազար դրամ (միջինը՝ շուրջ 350 հազար դրամ), ընդ որում՝ առավելագույն 500 հազար դրամ աշխատավարձը վճարվում է 75 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին։

«Միավորված համայնքների դեպքում նախատեսվում է մինչև 700 հազար դրամից սկսած աշխատավարձ, միջինը ունենալու են առանց հարկերի շուրջ 1 միլիոն դրամ աշխատավարձ, և լինելու են համայնքներ՝ 75 հազար և ավելի բնակչությամբ, որտեղ համայնքի ղեկավարի աշխատավարձը լինելու է մոտավորապես 1,2 միլիոն դրամ»,– ասաց Խուդաթյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ փոփոխությունների իրականացման համար 2026 թվականի համեմատ պետական բյուջեից տարեկան

նախատեսվում է հատկացնել 25 մլրդ դրամով ավելի միջոցներ։

Նոր համակարգը բացառություն է նախատեսում այն անձանց համար, որոնք արդեն ունեն գործող խրախուսման համակարգ։

Խաչատրյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է պետական համակարգում աշխատանքի արդյունքները կապել վարձատրության հետ, բարձրացնել պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը և պետական ծառայությունը դարձնել ավելի գրավիչ ու մրցունակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս բարեփոխումներով լուծվում է ռազմավարական նշանակության խնդիր։

«Մենք այս համակարգով անխուսափելի ենք դարձնում պետական պաշտոնյայի համար սեփական հմտությունների վրա աշխատելու տրամաբանությունը», – ասաց Փաշինյանը։

Կառավարության հավանությանն արժանացած փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում։ Այն նախատեսվում է ուժի մեջ դնել 2027 թվականի հունվարի 1-ից։


 

Leave a comment