Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ավագանու առաջիկա ընտրություններին, հաստատել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ընտրություններին, և ինքը հենց դրան է պատրաստվում, սակայն չի հստակեցրել՝ արդյոք ինքն է լինելու կուսակցության թեկնածուն, հայտնում է Factor.am-ը:
«Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին, վստահորեն պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Ես կարծում եմ, որ որևէ պարագայում, ինչ էլ որ մենք որոշենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճիշտ որոշում կընդունի»,- ասել է նա։
Հարցին՝ հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, Ավինյանը պատասխանել է, որ այդ մասին հայտնի կդառնա համապատասխան որոշման ընդունումից հետո։
«Ես կարծում եմ՝ մեր որոշման մասին դուք կիմանաք այն պահին, երբ որ այդ որոշումը կայացվի։ Դեռևս չենք պլանավորում, երկու տարի ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով թեկնածուի շուրջ քննարկումների ժամկետի մասին հարցին։
Երևանի ավագանու հաջորդ հերթական ընտրությունները կայանալու են 2028-ին: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 28․43%-ը, ինչը երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է։