Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. Փաշինյան


Այսօր մեր անվտանգության ճարտարապետությունը հիմնված է այս տրամաբանության վրա, որ մենք պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունը և տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի իրար, ձեռնտուն՝ նվազագույնը: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ավելին՝ վարչապետը կարծում է՝ պետք է փոխադարձ հետաքրքրվածություն լինի նաև, որպեսզի գործի բանաձև, ըստ որի՝ ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը:  


««Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում ամբողջությամբ դրված է այս ընկալումը, որ մենք կարողանանք մեր հարևանների հետ ունենալ այդպիսի իրավիճակ: Բայց որպեսզի սա տեղի ունենա, որ ուրիշները մեր բարեկեցության մեջ և զարգացման մեջ շահագրգռություն ունենան առնվազն որոշակի մակարդակի, գալիս է հաջորդ կոմպոնենտը:


Կա երկարաժամկետ կանխատեսելիություն, որովհետև իմ նշած հանգամանքների բերումով, եթե մեր հարևանները մտածեն, և միջազգային հանրությունն էլ մտածի, որ Հայաստանում գործում է հետևյալ տրամաբանությունը՝ շա՛տ լավ, հիմա մենք խաղաղություն կխաղանք, խաղաղությունն օգտագործելով՝ կզարգանանք, կզարգանանք ու հետո կգնանք Մուշն ու Վանը ազատագրելու: Այս դեպքում նախորդիվ նկարագրված ամբողջ ճարտարապետությունը քանդվում է, որովհետև ինչու պետք է ուրիշները մեզ օգնեն, որպեսզի մենք գնանք… Մուշն ու Վանը ինչո՞ւ պիտի մեզ օգնեն, որ մենք գնանք Մուշն ու Վանն ազատագրելու: Ընդհակառակը՝ ամեն ինչ պետք է անել, որ ՀՀ-ին հնարավորինս հեռու պահեն այդ տեսական հնարավորությունը գործնական կյանքում իրագործելուց»,- ասաց նա:

Leave a comment