Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցը կորոշի ժողովուրդը (PAN.am)

Եվրaմիությանն անդամակցելու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ:

Նա հավելել է, որ նման որոշումը չի գտնվել կառավարության, Ազգային ժողովի կամ խորհրդարանական մեծամասնության որոշումների տիրույթում, հայտնում է Auroranews.am-ը:

«Նման որոշումներ կայացվում են ժողովրդի կողմից և ժողովրդի մասնակցությամբ։ Մեր խնդիրը այս փուլում Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է, և երբ այլընտրանքը ձևավորված կլինի իրատեսորեն, կգա նաև ժողովրդի դիրքորոշումն արտահայտելու ժամանակը»,- ասել է Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ արդեն իսկ արձանագրվել է քաղաքական իրողություն, ըստ որի՝ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները հասել են իրենց պատմության ամենաբարձր մակարդակին։ Այս համատեքստում վարչապետը մատնանշել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացն ու հայկական ապրանքների համար մաքսային արտոնությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշումը։

«Մենք ձևավորում ենք այլընտրանք, մենք ընդունել ենք օրենք և տանում ենք այդ պրոցեսը՝ Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ստեղծելու համար։ Դա մեր քաղաքական դիրքորոշումն է, և քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդ մանդատը տվել է, մենք այդ պրոցեսը տանելու ենք առաջ»,- հայտարարել է Փաշինյանը։

Խոսելով ԵՄ անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի մասին՝ վարչապետը նշել է, որ ներկայում հանրաքվեի համար առարկա դեռևս չի ձևավորվել։

«Մենք այլընտրանքը ձևավորենք և հարցը պատվիրակենք ժողովրդի որոշմանը։ Երբ այդ կետը կգա, նրանք, ովքեր կողմնակից են այդ տարբերակին, ժողովրդին կոչ կանեն այդ տարբերակով քվեարկել, նրանք, ովքեր կողմնակից չեն՝ հակառակը։ Քվեարկության արդյունքներով կորոշվի, բայց հարցը պետք է լինի և հասունանա։ Մեր խնդիրն է հասունացնել այդ հարցը»,- ասել է Փաշինյանը։

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել: Մինչդեռ հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում։

«Դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք 2029 թվականը կամ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այո, նման հստակության համար դեռ չափազանց վաղ է»,- ասել է Պինյոն։

Leave a comment