Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Լույսը կամ հեռուստացույցը միացրած քնելը կարող է բացասաբար ազդել սրտի առողջության վրա։ Telegram ալիքում նախազգուշացրել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։

Պավլովայի խոսքով՝ Տուլանի համալսարանի գիտնականները վերլուծել են 11 000 մարդու տվյալներ։ Մասնակիցները մեկ շաբաթ շարունակ կրել են լույսը գրանցող սարքեր (թրեքերներ), իսկ երեք տարի անց անցել սրտի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտություն։ Նրանց մոտ, ովքեր քնել են նույնիսկ թույլ լույսի պայմաններում, արձանագրվել են սրտի աշխատանքի և կառուցվածքի փոփոխություններ՝ մասնավորապես սրտի պատերի հաստացում և ձախ փորոքի ծավալի նվազում։

«Գիշերային ժամերին նույնիսկ փոքր քանակությամբ արհեստական ​​լույսն իրական ազդեցություն է ունենում սրտի վրա», – նշվում է հրապարակման մեջ։

Գիշերային լուսավորության ազդեցությունը կապվել է նաև սրտային անբավարարության, ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկի մեծացման հետ։ Բժիշկը դա բացատրել է օրգանիզմի կենսաբանական ռիթմերի (ցիրկադային ռիթմերի) խախտմամբ և քնի տևողության կրճատմամբ։ Նա խորհուրդ է տվել քնել մթության մեջ՝ օգտագործելով լույս չթափանցող վարագույրներ կամ քնելու դիմակ, ինչպես նաև խուսափել հեռուստացույցը միացրած թողնելուց կամ լուսարձակող ցուցիչներով սարքերը տեսանելի վայրում պահելուց։

Leave a comment