Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները

Բաժանորդագրվել

Մոսկվան և Նյու Դելին կշարունակեն փոխգործակցությունը երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ծննդյան օրվա առթիվ՝ ընդգծելով նրա ավանդը ռուս-հնդկական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Դուք իրավամբ մեծ հարգանք եք վայելում հայրենակիցների շրջանում և բարձր հեղինակություն՝ միջազգային ասպարեզում։ Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ավանդը Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առանձնաշնորհյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասված է հեռագրում։

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Մոդիին անցյալ շաբաթ Նյու Դելի այցի ընթացքում ռուսական պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության համար և բարձր է գնահատել կայացած բանակցությունները։

«Կուզեի Ձեզ շնորհակալություն հայտնել ջերմ, հյուրընկալ ընդունելության համար, որը ցուցաբերվեց ինձ և ռուսական պատվիրակությանը անցյալ շաբաթ Նյու Դելի կատարած այցի ընթացքում։ Կայացած բանակցությունները, անկասկած, բավականին բովանդակալից էին, անկեղծ և արդյունավետ»,- նշել է ՌԴ առաջնորդը։

Պուտինի խոսքով՝ Մոդիի հետ շփումն իրեն հնարավորություն է տվել հերթական անգամ համոզվելու հնդիկ վարչապետի արտակարգ քաղաքական իմաստության և հեռատեսության հարցում։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվան և Նյու Դելին կշարունակեն փոխգործակցությունը երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։

Leave a comment