«Մեր պայքարը չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա»․ Բագրատ Սրբազան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․ «ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ
     Սիրելինե՛ր,
     Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել:
     Այսօրվա լեզվով, փաստորեն, Ղևոնդյանք «քաղաքականությամբ են զբաղվել»:
     Այո՛, այս հիշատակությունը բանտարկված, աքսորված և նահատակված հոգևորականության մասին է, ովքեր չդավաճանեցին ո՛չ իրենց հավատքը, ո՛չ կենսագրությունը և ո՛չ էլ համակերպվեցին Հայրենիքի և Հավատքի կորստի հետ և չասացին. «մենք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենք»:
     Այս օրը փաստացի 21-րդ դարում Հայաստանում հալածվող եկեղեցու տոնն է և «բանտարկված հոգևորականության» տոնը՝ նույն Ղևոնդյանց օրինակով:
     Շնորհավորում եմ նաև Մուշե, Արշեն, Քաջաջ, Աբրահամ, Խորեն, Ղևոնդ, Հովսեփ, Սահակ, Խաչիկ, Սամուել անուններով անձանց: Թող Աստված օրհնի բոլորիդ:
     Այսօր Վարդանանց Սուրբ նահատակների, մեր ներշնչումների, ոգևորության պատգամի, նվիրումի և հավատարմության հիշեցումն է և մեր մեծ հերոս սուրբերի բարեխոսությունը հայցելու հնարավորությունն ու առիթը` իրենց հետ նույնանալու միջոցը:
     Իրականում ի՞նչն էր իրականությունը. թշնամին պահանջում էր`
     Ա. Եկեղեցու ազատությունը ճնշել` հարված ինքնությանը
     Բ. Վանքերը, որտեղ կրթություն, գիտություն, մշակույթ էր զարգանում` փակել:
     Փաստացի` կրթական համակարգը ձևախեղել
     Գ. Հարկերը ծանրացնել
     Դ. Նախարարներին կաշառել և թշնամացնել
     Ե. Հազարապետը փոխարինել թշնամու դրածոյով, գլխավոր դատավորն էլ` մոգպետով:
     Այսինքն` ենթարկեցնել դատական համակարգը, ժողովրդին ծանրաբեռնել հարկերով, խեղաթյուրել կրթական համակարգը, հարված հասցնել ինքնությանը և ատելության ու թշնամանքի սերմանումով գրավել քաղաքական համակարգը` սեփական դրածոյի ներդրմամբ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր կյանքում` հալածվող եկեղեցի, ստրկացած դատական համակարգ, տնտեսական բեռի և պարտքի տակ կքած ժողովուրդ, խեղված կրթամշակութային համակարգ, թշնամուց գրավված քաղաքական համակարգ` զուգորդված հասարակական լայն թշնամանքով, ատելությամբ և պառակտումով:
     Այդ պատճառով էլ Վարդանանք այսօր փորձվում են ներկայացվել որպես «ռոմանտիկ ահաբեկիչներ», իսկ Վասակ Սյունին` որպես մեծ դիվանագետ:
     Ինչպես ասվում է` նմանը նմանին և գտնում…
     Փորձ է արվում Վարդանանց սխրանքը նվազեցնել, սահմանափակել, տեղափոխել քաղաքական դաշտ, Վասակի դավաճանությունը ներկայացնել որպես «մեծագույն դիվանագիտություն», ով պատրաստ էր ամեն ինչ զիջել` ինքնություն, տարածքներ, գիտակցություն և այլն: Փաստորեն «իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք:
     Իրականում Վարդանանց պայքարը չավարտվեց Ավարայրի հերոսապատումով, այլ սկսեց: Այն 33 տարվա պայքարից հետո ավարտվեց Հաղթանակով (կնքվեց Նվարսակի պայմանագիրը)…
     Մեր պայքարն էլ չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա: Եվ այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի, որովհետև ինչպես Ղևոնդյանց, այնպես էլ Վարդանանց և այնպես էլ մեր պարագային, մենք ապրում ենք մեր կենսագրության, մեր պատվի, մեր գալիքի պատասխանատվության խորը գիտակցությամբ, «Ավետյաց Երկրի» և Հոգևոր Հայաստանի տեսիլքով, որում մեզ չի ընկճի ո՛չ շղթան, ո՛չ կապանքներ, ո՛չ զնդան և ոչ այլ ինչ հարվածք…
     Եվ այո՛, Հաղթանակն այլընտրանք չունի…
     «Վասն Հավատքի և վասն Հայրենյաց»»։

Leave a comment