Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար

Քաղաքականություն

16.09.2026 | 17:42

Թուրքիայի պաշտպանության նախարար  Յաշար Գյուլերը Կովկասի իսլամական բանակի հուշարձանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմին և Հայաստանին։

«Այսօր ադրբեջանական դրոշն ազատորեն ծածանվում է Շուշայում, Խանքենդիում և ամբողջ Ղարաբաղում: Այս հաղթանակը հպարտության մեծ աղբյուր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Որպես Թուրքիա՝ մենք Հայրենական պատերազմի յուրաքանչյուր պահի մեր աջակցությամբ և բոլոր ռեսուրսներով կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին և միասին կիսեցինք այդ փառահեղ հաղթանակի ուրախությունը։ Որովհետև Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ նրա վիշտը՝ մեր վիշտը»,- հայտարարել է նա։

Գյուլերը նշել է, թե յուրաքանչյուր հաղթանակ «ավելի մեծ նշանակություն է ստանում իր ստեղծած խաղաղության և կայունության շնորհիվ»:

«Պատերազմը և հետագա զարգացումները Հարավային Կովկասի համար պատմական հնարավորություն ստեղծեցին՝ դուրս գալու երկարատև հակամարտության շրջանից և հիշվելու խաղաղությամբ, կայունությամբ, զարգացմամբ և տարածաշրջանային համագործակցությամբ։ Այս համատեքստում մենք ողջունում ենք անցյալ տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև արձանագրված հանձնառությունը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը, և մենք հույս ունենք, որ հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն։ Մենք աջակցում ենք գործընթացը կայուն կերպով ավարտելու ջանքերին՝ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունը և նպաստելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment