Չինաստանի իշխանությունները սահմանային վերահսկողության նոր կանոններ են սահմանել՝ երկրից կապիտալի և բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը կանխելու նպատակով, հաղորդում է CNBC-ն։ Նոր կարգավորումները պետական մարմիններին իրավական լիազորություն են տալիս որոշ դեպքերում արգելելու քաղաքացիների մեկնումը երկրից։
Սահմանափակումները կարող են կիրառվել, եթե մեկնումը խախտում է արտահանման վերահսկողության կանոնները կամ սպառնալիք է ստեղծում երկրի արդյունաբերական և տեխնոլոգիական անվտանգության համար։
Նոր միջոցները մեծացնում են ճնշումը նաև ապահովված ընտանիքների, մասնավոր բանկիրների և տրաստային ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են միջոցներն այլ իրավազորություններ տեղափոխելուն։ Փորձագետների գնահատմամբ՝ նպատակը մարդկային կապիտալի արտահոսքը սահմանափակելն ու երկրի ներսում կապիտալն ու տաղանդը պահպանելն է, որոնք առանցքային նշանակություն ունեն նորարարությունների զարգացման և ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական մրցակցության համար։
Սահմանային վերահսկողության խստացումն ուղեկցվում է նաև հարկային վերահսկողության ընդլայնմամբ։ Չինաստանի կառավարությունը 20% հարկ է սահմանել օֆշորային տրաստներ փոխանցված ակտիվների նկատմամբ՝ փակելով կարողությունների պաշտպանության համար երկար ժամանակ օգտագործված հարկային բացը։
Կարգավորող մարմինները նաև 20% հարկ են սահմանել օտարերկրացիների կողմից արտասահմանյան ներդրումներով ընկերություններից ստացվող շահաբաժինների նկատմամբ։ Այս քայլը նվազեցնում է հարկային արտոնություններից օգտվելու նպատակով օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու գրավչությունը չինացի ձեռնարկատերերի համար։