Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում սեպտեմբերի 16-ին օձ է նկատվել։ Քաղցրաշեն վարչական շրջանի ղեկավար Աշոտ Խալաթյանը հայտնել է, որ երեխաներին տարհանել են և դիմել ԱԻՆ, տեղեկացնում է Factor.am-ը:
«Երեխաներին տարհանել ենք, ԱԻՆ ենք զանգահարել, սակայն օձին չեն հայտնաբերել։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է Խալաթյանը։
Նա հայտնել է, որ օձը նկատվել է մանկապարտեզի դահլիճում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները սկսել են այն հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները։
Վարչական շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ մանկապարտեզը ժամանակավորապես փակվել է և առաջիկա երկու օրվա ընթացքում չի աշխատելու։
Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե մանկապարտեզի աշխատակիցները հինգ օձ են նկատել։ Աշոտ Խալաթյանը հերքել է այդ տեղեկությունը՝ պարզաբանելով, որ խոսքը մեկ փոքր օձի մասին է։
Նա նաև հայտնել է, որ մանկապարտեզում առաջին անգամ օձ նկատվել է երկու օր առաջ, ինչից հետո ևս դիմել են ԱԻՆ։