Աբիսողոմոնյան․ ՀՀ-ն կարող է բռնի անհետացումների տվյալներ փոխանցել ՄԱԿ-ին (PAN.am)

Հայաստանը հավաստի ապացույցներով բռնի անհետացման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ունի և կարող է դրանք տրամադրել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանում:

Նա նշել է, որ Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու դրանց արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորության կատարման հարց չէ։ Այն նաև յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը պաշտպանելու և ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի ու գտնվելու վայրի վերաբերյալ անորոշության մեջ չթողնելու խնդիր է։

«Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը բախվել է մեր տարածաշրջանում տեղի ունեցած նախկին հակամարտությունից բխող լուրջ և աննախադեպ մարտահրավերների։ Այս իրադարձությունների հետևանքներից է անհետ կորած համարվող զգալի թվով անձանց առկայությունը, այդ թվում՝ այն անձանց, որոնց բռնի անհետացման վերաբերյալ առկա են հավաստի ապացույցներ։ Այս դեպքերի մեծ մասի վերաբերյալ Հայաստանն ունի համապատասխան տեղեկատվություն, որը կարող է ներկայացնել կոմիտեին»,– ասել է Աբիսողոմոնյանը։

Նա նշել է, որ ժամանակագրական տեսանկյունից բռնի անհետացման դեպքերն արձանագրվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։

«Հետագա դեպքեր արձանագրվել են 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի քան 130,000 Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման ընթացքում»,– ասել է փոխնախարարը։

Աբիսողոմոնյանն առանձնացրել է 2026 թվականի մայիսին ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը, որով նախատեսվում է նաև ընտանիքի անդամների մասնակցությունը համապատասխան ընթացակարգերին, ֆինանսական փոխհատուցման և որոշակի սոցիալական նպաստների տրամադրումը, ինչպես նաև անհայտ կորած անձանց նույնականացման մեխանիզմների կիրառումը։

Միևնույն ժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ խնդրի լուծման համար միայն օրենսդրական կարգավորումը բավարար չէ։

«Արդյունավետ իրականացումը պահանջում է համապատասխան ինստիտուցիոնալ կարողություն, միջգերատեսչական համագործակցություն, բավարար ռեսուրսներ, որակյալ անձնակազմ, համապատասխան տեղեկատվությանն ու ապացույցներին հասանելիություն, ինչպես նաև տուժած ընտանիքների հետ շարունակական ներգրավվածություն»,– ասել է Աբիսողոմոնյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով 191 անձի գտնվելու վայր շարունակում է անհայտ համարվել։ Նրանցից 172-ը զինծառայողներ են, իսկ 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Leave a comment