Քաղաքականություն
16.09.2026 | 14:20
Ազգային ժողովում ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեի վերաբերյալ Բաքվից հնչած վրդովմունքն ու «ռևանշիզմի» մասին մեղադրանքները հերթական ապացույցն են, որ Ադրբեջանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
Ըստ պատգամավորի՝ նման իրավիճակը Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության ուղիղ հետևանքն է։
Նրա համոզմամբ՝ «որքան թույլ դիրքերից հանդես գանք, այնքան Բաքուն ավելի շատ առիթներ է գտնելու՝ ուղղորդելու և թելադրելու Հայաստանի ներքին օրակարգը»։
Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու անվտանգային խնդիրներին՝ Վարդանովը շեշտեց, որ անհրաժեշտ է օր առաջ կյանքի կոչել «Ազգ-բանակ» հայեցակարգը, որպեսզի որևէ կողմ հարձակվելու նկրտումներ չունենա։ Նա հիշեցրեց, որ թեև Անվտանգության խորհուրդը դեռևս տարիներ առաջ ընդունել է այս հայեցակարգը, դրա գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը մինչ օրս չեն դրվել։
Պատգամավորը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով և հետևողական է լինելու դրանք կյանքի կոչելու հարցում։
Խոսելով Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակի և տարածքային հնարավոր զիջումների մասին՝ Վարդանովը նշեց, որ զիջողական քաղաքականությունը միայն բացում է հակառակորդի ախորժակը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է զարգացնել հայկական բոլոր բնակավայրերը, որպեսզի տեղի բնակչությունը չզրկվի իր տնից ու հողից։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան