ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը։ Նախաձեռնությունը ներկայացրել էր դեմոկրատ Էլ Գրինը, սակայն դեմոկրատների մեծամասնությունը չի պաշտպանել այն։ 

Ընդհանուր առմամբ 232 օրենսդիր քվեարկել է բանաձևը քննարկումից հանելու օգտին, իսկ 147-ը՝ դեմ։ Տասնութ դեմոկրատ միացել է հանրապետականներին՝ պաշտպանելով նախաձեռնությունը, մինչդեռ ևս 46 դեմոկրատ ձեռնպահ է մնացել։

Բանաձևը ներկայացրել էր դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը։ Սա Թրամփի իմփիչմենթին հասնելու նրա ութերորդ փորձն է եղել ու չորրորդը Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։

Փաստաթղթում Թրամփին մեղադրում են ներգաղթի հարցերով զբաղվող գործակալությունների գործողությունների առնչությամբ «ծանր հանցագործություններ և զանցանքներ» կատարելու մեջ. գործողություններ, որոնք, ըստ բանաձևի հեղինակի, խախտում են քաղաքացիական ազատությունները և պատշաճ իրավական ընթացակարգի սկզբունքները։

Դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարությունը չի պաշտպանել նախաձեռնությունը՝ նշելով, որ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ հետաքննություն չի իրականացվել։ Դեմոկրատները նախկինում երկու անգամ իմփիչմենթի էին ենթարկել Թրամփին նրա առաջին պաշտոնավարման ընթացքում, սակայն Սենատը երկու դեպքում էլ արդարացրել էր նրան։

Թրամփը ԱՄՆ-ի միակ նախագահն է, որի նկատմամբ Ներկայացուցիչների պալատը երկու անգամ իմփիչմենթի գործընթաց է նախաձեռնել։ Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 18-ին։ Պալատը նախագահին մեղադրել էր երկու կետով՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում։ Թրամփին մեղադրում էին, որ նա Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուց պահանջել է ռազմական օգնության դիմաց հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու վերաբերյալ, ով նախկինում աշխատել էր ուկրաինական մասնավոր գազային «Burisma» ընկերության տնօրենների խորհրդում։ Սակայն հետագայում ԱՄՆ Սենատը դեմ էր քվեարկել նախագահին ներկայացված մեղադրանքներին։

Leave a comment