«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ փոխխոսնակ, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը երեկ թեպետ հերքեց, թե ՔՊ վարչությունն իր նիստում Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցն է քննարկելու, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Սարգսյանի հարցն արդեն կուսակցության վերահսկող հանձնաժողովում է:Ըստ ՔՊ կանոնադրության, դիմումը նախ հանձնաժողովն է քննում, եթե հավանության է արժանացնում, հարցը մտնում է ՔՊ վարչություն։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ Հայկ Սարգսյանի հարցն աներկբա հասնելու է վարչություն՝ ոչ միայն հրապարակային արտահայտությունների պատճառով, այլեւ քրեական վարույթի: Սարգսյանը վարչության կողմից արդեն մեկ նկատողություն ունի, երկրորդի դեպքում մեխանիկորեն հեռացվելու է կուսակցությունից։
«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։
Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծել։ Տեղեկանալով, որ որեւէ անձ մշտական բնակության տեղեկանք է վերցնում տեղի ոստիկանության բաժնից` թեկնածություն առաջադրելու համար, ՏԻՄ իշխանիկներն ու ուժայինների ներկայացուցիչները գործի են անցնում` բացատրական աշխատանքներով, ակնարկներով փորձում են հետ պահել առաջադրումից։ Մյուս կողմից, ինտենսիվ աշխատում են հեղինակություն ունեցող անձանց, լավ թեկնածուներին իրենցով անելու ուղղությամբ։
Թերեւս պատահականություն չէ, որ 4 հազար ընտրող ունեցող Թումանյան համայնքում ընտրություններն անցնելու են առանց ընդդիմության մասնակցության` ընտրություններին մեկ ուժ է մասնակցում` ՔՊ-ն, թեկնածուն էլ գործող համայնքապետ Սուրեն Թումանյանն է։ Նա 5 տարի առաջ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունով է առաջադրվել ու հաղթել, այժմ ՔՊ-ն նրան իրենով է արել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նախատեսված ՔՊ վարչության նիստի օրակարգում, թեև ի սկզբանե Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի և Գորիս համայնքների ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուների հարցն էր, բայց իրավիճակ է փոխվել։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ օրվա երկրորդ կեսին պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել ՔՊ վարչության նիստին։ Արդյունքում որոշվել է նիստը անցկացնել ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։
Քանի որ Սյունիքի երեք խոշոր համայնքների թեկնածուների հարցը, ըստ մեր տեղեկությունների, ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցություն և վերջնական քննարկում, այդ հարցերը նիստի օրակարգից դուրս են մնացել։
Փոխարենը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վարքագիծը և նրա վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչությունում քննարկվել են Սարգսյանի կողմից նախկին թիմակիցների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած քննադատություններն ու մեղադրանքները, ինչպես նաև ՔՊ-ական այլ պատգամավորների, պաշտոնյաների վերաբերյալ նրա հայտարարությունները։
Սա ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունն արդեն մեկ անգամ կարգապահական պատասխանատվություն է կիրառել։ 2025 թվականին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, որի արդյունքում նրան հայտարարվել էր խիստ նկատողություն։
Ավելին՝ 2026 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ Սարգսյանին ՔՊ վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն էր հայտարարվել, և դրան հաջորդել էին իրավական գործընթացներ։
Հիմա, մեր տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկվել է՝ արդյոք Սարգսյանի վերջին հրապարակային հայտարարությունները հիմք են նոր կարգապահական վարույթ սկսելու և նրան կրկին նկատողություն հայտարարելու համար։
Վարչության անդամների շրջանում այս հարցում միասնական մոտեցում չկա։ Մի մասը կարծում է, որ պետք է Սարգսյանի նկատմամբ նոր կարգապահական նոր վարույթ հարուցել և հերթական նկատողությունը կիրառել։ Մյուսները, հաշվի առնելով նախկինում արդեն կիրառված խիստ նկատողությունը, հարցը շատ ավելի կոշտ են դնում՝ նշելով, որ հերթական նկատողությունը կարող է այլևս բավարար միջոց չլինել, և պետք է քննարկել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։
Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այս պահին Հայկ Սարգսյանի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։
Չի բացառվում, որ հարցը կրկին կքննարկվի արդեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության նիստում, և հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ Հայկ Սարգսյանին սպասվում է հերթական կարգապահական պատիժ, թե ՔՊ-ն ավելի կոշտ քայլ կանի՝ նրան կուսակցությունից հեռացնելու ճանապարհով»։