Տաթևի վարչական ղեկավարը կալանավորվել է թրաֆիքինգի գործով՝ անասնապահին ստիպել է անվճար աշխատել

Տաթևի վարչական ղեկավար Գ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վ.Ս.-ին ենթադրաբար թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու համար։ Նա կալանավորվել է։

Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի կողմից Վ.Ս.-ին ենթադրաբար թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները։

Մասնավորապես՝ նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վ.Ս.-ն 2020 թվականից Գ.Մ.-ի մոտ աշխատել է որպես անասնապահ։ Ըստ պայմանավորվածության՝ նա պետք է ամսական ստանար 150.000-200.000 ՀՀ դրամ աշխատավարձ, սակայն փաստացի աշխատավարձ չի ստացել։ Փոխարենն այն դեպքերում, երբ գումարի կարիք է ունեցել, Գ.Մ.-ն ամսական մեկ կամ երկու անգամ նրան տրամադրել է 50,000-100,000 ՀՀ դրամ։

Ըստ Գ.Մ.-ի՝ Վ.Ս.-ի վերցրած գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են նրան վճարման ենթակա աշխատավարձը, ինչի պատճառով վերջինս պետք է ևս մոտ երեք տարի անվճար աշխատեր։ Սակայն քննությամբ պարզվել է, որ նշված գումարներն ուռճացված են եղել։

Վ.Ս.-ն ամեն օր աշխատանքն սկսել է առավոտյան ժամը 6-ին և ավարտել գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ հիմնականում առանց հանգստյան օրերի։ Մանր եղջերավոր անասունի կորստի, ինչպես նաև Վ.Ս.-ի՝ ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքերում Գ.Մ.-ն նրան ծեծել է, հայհոյանքներ և տարբեր սպառնալիքներ հնչեցրել՝ պարտադրելով ամեն գնով շարունակել աշխատանքը։

Ծանր աշխատանքային պայմանների պատճառով Վ.Ս.-ն մի քանի անգամ փախուստի է դիմել և մեկնել Երևան։ Քննության տվյալներով՝ Գ.Մ.-ն ճնշում է գործադրել նրա հարազատների նկատմամբ, նրանց միջոցով պարզել Վ.Ս.-ի գտնվելու վայրն ու կրկին նրան տեղափոխել իր մոտ՝ ստիպելով շարունակել աշխատել։

Գ.Մ.-ն Վ.Ս.-ի նկատմամբ սահմանել է շուրջօրյա հսկողություն՝ պարտադրելով տեղեկացնել իր յուրաքանչյուր տեղաշարժի մասին և արգելելով աշխատանքից հետո որևէ տեղ գնալ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվել է։

Leave a comment