Հայաստանը ևս Ռուսաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, ըստ որի՝ Մոսկվան Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ստացել։
Նա հավելել է, որ, եթե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան, ապա պետք է այդ մասին հայտարարի, հայտնում է 1lurer.am-ը:
Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է պաշտոնական Մոսկվային դիմել 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցով։
«Ինչքանով ես եմ տեղյակ, ՀՀ-ն էլ, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը և խորհրդարանն էլ նման դիմում, տեղեկանք կամ հաղորդում չեն ստացել ՌԴ-ից, որ ՌԴ-ն պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան:
Եթե ցանկանում են դուրս բերել ռազմաբազան, կարելի է քննարկել: Մենք էլ չենք ստացել իրենցից նման դիմում: Չգիտեմ էլ՝ նրանք առաջիկայում կդիմե՞ն, թե չէ: Հարցը հետևյալն է, եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել ռազմաբազան, դա քննարկման հարց է»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ իրականում ռազմաբազան պահելը թանկ է նստում ՀՀ-ի համար, բայց միևնույն է, այդ հարցը քննարկման հարց է:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմում չի ստացել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հայ ժողովրդի ցանկության դեպքում ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներկայությունը Գյումրիի ռազմաբազայում՝ հետագա աշխատանքի և համագործակցության նպատակով։ Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ եթե Երևանն այլևս դրա անհրաժեշտությունը չտեսնի, ռուսական զորակազմը կարող է «հեռանալ թեկուզ վաղը»։
Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ: