Anthropic-ն IPO-ի շրջանակում ցանկանում է ներգրավել մինչև 100 մլրդ դոլար՝ ընկերության ընդհանուր արժեքը հասցնելով 2 տրիլիոն դոլարի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ընկերությունը բանակցություններ է վարում Nvidia Corp.-ի հետ՝ վերջինիս գործարքի առանցքային ներդրողներից մեկը ներգրավելու նպատակով։ Գործակալության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Nvidia-ն դիտարկում է IPO-ի շրջանակում մինչև 10 մլրդ դոլար ներդնելու հնարավորությունը։
Anthropic-ը տեղաբաշխման համար ընտրել է Nasdaq բորսան, իսկ ընկերության գնահատված արժեքը կարող է գերազանցել 2 տրիլիոն դոլարը։
Anthropic-ի եկամուտը երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 14 անգամ՝ հասնելով 11.5 մլրդ դոլարի, հայտնել է ընկերությունը ներդրողներին։ Դա ընկերությանը հնարավորություն է տվել ապահովել ճշգրտված գործառնական շահույթ, և ընկերությունն ակնկալում է, որ ընթացիկ եռամսյակը նույնպես կավարտի շահույթով։
Հուլիսի վերջին Anthropic-ի եկամուտը տարեկանացված հաշվարկով կազմել է 65 մլրդ դոլար՝ նախորդ տարվա վերջի 9 մլրդ դոլարի դիմաց։
Ընկերության համախառն շահութաբերությունը գերազանցում է 80%-ը՝ առանց հաշվի առնելու այն եկամուտը, որը բաշխվում է դիստրիբյուցիոն գործընկերների միջև, ինչպես նաև մոդելների ուսուցման ծախսերը, հայտնել են FT-ի աղբյուրները։
Սպասվում է, որ Anthropic-ը բորսայում ցուցակումը կանցկացնի ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ։ Մայիսին ընկերությունը 65 մլրդ դոլար ներգրավեց՝ նոր միջոցների ներգրավումից հետո (post-money) 965 մլրդ դոլար գնահատմամբ։
Մրցակից OpenAI-ը 2026 թվականին բորսա դուրս չի գա, հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ ընկերությունը նույնպես այս տարվա աշնանը կանցկացնի IPO, իսկ տեղաբաշխման ժամանակ դրա կապիտալիզացիան կգնահատվի մոտ 1 տրիլիոն դոլար։
Իլոն Մասկի SpaceX-ը, որի կազմում է նաև xAI արհեստական բանականության ստարտափը, հունիսին IPO-ի միջոցով ռեկորդային 75 մլրդ դոլար է ներգրավել՝ ընկերության ընդհանուր արժեքը գնահատելով 1.77 տրիլիոն դոլար։ Եվս 10.7 մլրդ դոլար ընկերությունը ներգրավել է տեղաբաշխողների կողմից լրացուցիչ տեղաբաշխման օպցիոնի իրացման արդյունքում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։